Tert.am-ը գրում է.

Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Վճռաբեկ դատարանը մերժել է ավտովթարի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի՝ օգոստոսի 21-ին ներկայացրած վճռաբեկ բողոքը՝  այն համարելով անհիմն:

«Թեպետ դա ստանդարտ պատճառաբանություն է բոլոր գործերով, որոնք վարույթ չեն ընդունվում»,-ասաց պաշտպանը:

Նա ասաց, թե գործը Վճռաբեկ դատարանի կողմից պետք է ներկայացվի առաջին ատյանի դատարան, իսկ դատարանը գործը ստանալուց երեք օր հետո դատական ակտն ի կատար ածելու որոշում կկայացնի:

Պաշտպանն ասաց, որ իր տեղեկություններով քրեական գործն այսօր արդեն կլինի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

«Մնում է դատավորը որոշում կայացնի և գործը հանձնվի ի կատար ածման, որից հետո քրեակատարողական հիմնարկում նիստ կգումարվի և որոշում կկայացնեն, թե Վարդան Պետրոսյանը որ վայրում և ինչ ռեժիմով է պատիժը կրելու: Ռեժիմի հարցը լուծում է օրենքը, դա կլինի բաց ռեժիմ»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին: Վարդան Պետրոսյանըդատապարտվել է 5 տարվա ազատազրկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել