Tert.am-ը գրում է.

ՀՀ Տավուշի մարզի Նավուր համայնքի առողջության առաջնային պահպանման նորակառույց կենտրոնը մեկամսյա գործունեության ընթացքում ամբուլատոր բժշկական ծառայություն է մատուցել 120 բնակչի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կառուցված ամբուլատորիան սպասարկում է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր, Չինչի և Իծաքար համայնքների գրեթե 1970 բնակչի:

Կենտրոնի տնօրեն Գայանե Գևորգյանի խոսքով, ամբուլատորիայի շահագործումից անմիջապես հետո ակտիվորեն սկսել են իրականացվել սոցփաթեթի շահառուների բժշկական զննության աշխատանքները: Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ իրականացվում են նաև դպրոցահասակ երեխաների անհրաժեշտ բժշկական հետազոտությունները` կապված քաշի, հասակի, տեսողության հետ: Այստեղ կատարվում են նաև 6 տարեկան երեխաների համար նախատեսված պատվաստումները:

ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի արդիականացման արդյունքում 2014 թվականին Նավուր համայնքն ընդգրկվել է Համաշխարհային բանկի հավելյալ ֆինանսավորման վարկային ծրագրում: Եվ, քանի որ տվյալ տարածքում հին ամբուլատորիայի շենքի վերակառուցումը նպատակահարմար չէր, ուստի որոշվել էր հատկացված տարածքում կառուցել ամբուլատորիայի նոր շենք:

ՀՀ առողջապահության նախարարության անմիջական աջակցությամբ նորակառույց ամբուլատորիան համալրվել է սառնարանով, ինչի բացակայությունը նախկինում դեղերի պահպանման խնդիրներ էր առաջացնում: Նավուր գյուղի բնակիչն րի գնահատմամբ, ամբուլատորիայի կառուցումը մեծ նշանակություն ունի իրենց համայնքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել