Tert.am-ը գրում է.

Կրթության ոլորտը մաս-մաս, դետալ առ դետալ, ամբողջովին քաղաքականացված է: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով կրթության որակի, կրթական համակարգում առկա խնդիրների մասին, ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:

«Հետևաբար, այդ ամենից ելնելով, տնօրենին և ուսուցչին մի միտք է տանջում. ինչպես հաճոյանալ վերևին, և դա լինում է կրթության հաշվին, իսկ սա խորտակում է կրթության որակը»,-ասաց Անահիտ Բախշյանը։

Ըստ բանախոսի՝ որպեսզի կրթության որակը լավացվի, պետք է կադրային քաղաքականությունը փոխել և կրթական համակարգը պետք է ազատվի որոշ մանկավարժներից, տնօրեններից, որոնք ուղղակի պետք չեն երեխային։

Լրագրողի հարցին, թե ինչպես մեկնաբանել երևույթը, որ կրթության նախարարի երեխան մասնավոր դպրոց է հաճախում, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Դա պատիվ չի բերում նախարարին: Ես հասկանում եմ, ինքը՝ որպես ծնող, ուզում է իր երեխային տալ այն լավագույնը, ինչը հնարավոր է, բայց դա իրեն պատիվ չի բերում: Մեր երկրում ամեն մարդ փորձում է օգտվել այն ամենից, ինչից կարող է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել