Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց, թե ի տարբերություն նախորդ և գործող սահմանադրությունների՝ ներկա սահմանադրական բարեփոխումների նախագիծն ամբողջությամբ օրինական է և մեկ քայլ առաջ, միտված՝ ժողովրդավարության ամրապնդմանը:

Նա բացատրեց, որ խորհրդարանական կառավարման անցումն առաջնային քայլ է դեպի 1991թ-ին ընդունված Անկախության հռչակագրի իրացումը և բացի այդ, ժողովրդի իշխանությունը վերադարձնում է ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով կարևոր որոշումներ ընդունելու համար:

Մինչ այդ, նա նկատեց, թե ցանկացած երկրի սահմանադրություն պետք է միտված լինի տվյալ պետության զարգացմանն ու ժողովրդավարության ամրապնդմանը:

«Իսկ այս տեսակետից ՀՀ-ն իր առաջին Սահմանադրությունն ունեցավ 1995-ին, և այժմ էլ, այն ժամանակ էլ ասել եմ ու ասում եմ, որ այդ Սահմանադրությունը հակաօրինական էր, որովհետև մենք ընդունել ենք Անկախության մասին հռչակագիր, որտեղ հստակ ասված է, որ ՀՀ-ի անունից հանդես գալու բացառիկ լիազորությունը հանդիսանում է ՀՀ Գերագույն խորհրդին: Բացի այդ, 5-րդ հոդվածով ամրագրվում է, որ ՀՀ անվտանգության ու սահմանների անձեռնմխելիության համար ստեղծում են  ԳԽ ենթակա ուժեր»,- ասաց նա և հավելեց, թե ինչպես տեսնում ենք՝ «ապօրինությունն առաջին անգամ 1991-ի օգոստոսի 1-ին է հաստատվել, երբ ԳԽ-ն ընդունեց որոշում ՀՀ նախագահական համակարգը ամրագրելու մասին, այն դեպքում, երբ հռչակագրով խորհրդարանական համակարգն էր համապատասխանում»: 

Այն ժամանակ էլ ՍԴ անդամը հայտարարել էր,  որ նախագահի խոսքը հիմնավորելու խնդիրը կլիներ օրինական, եթե հռչակագրի մեջ համապատասխան փոփոխություններ կատարվեին, իսկ հռչակագիրը սահմանադրական օրենք էր:

«Ինչևիցե դա տեղի չունեցավ և 1995թ-ին առաջին անգամ ներկայացվեց նախագահական կառավարման համակարգ ունեցող սահմանադրություն, որը նույնպես անօրինական էր, որովհետև հռչակագրի մեջ փոփոխություններ չեղան: 2005թ-ին ընդունված Սահմանադրությունն իր ձեռագրով ընդունման տեսակետից որևիցե փոփոխություն չկրեց»,-ասաց նա:

Թե ինչպես է այդ դեպքում հետագայում ինքը  անօրինական Սահմանադրությունը պաշտպանել, Կիմ Բալայանը նշեց, որ կա Սահմանադրություն և Սահմանադրությամբ՝ բոլորն են պարտավոր առաջնորդվել:

Իսկ թե ինչ սկզբունքային հարցեր կան այս Սահմանադրության մեջ, ՍԴ անդամը նշեց, նախկին  հոդվածը, որտեղ նշվում է, թե ժողովուրդն է  իշխանության տերը և իրականացնում է ընտրությունների անմիջական ներգործության միջոցով՝ հռչակագրային բնույթ ուներ: Իսկ նոր նախագծով հստակ կանոնակարգվում է ժողովրդի այդ իրավունքը հանրաքվեի հարցը դնելու միջոցով: «Այժմ 150 հազար ստորագրության պարագայում ցանկացած հարց, բոլոր հիմնական հարցերը կարող են դրվել հանրաքվեի, և ժողովուրդը ռեալ հնարավորություն ունի իր կամքը թելադրելու իշխանություններին»,- ասաց նա:

Ի դեպ, Բալայանն ընդգծեց, թե չի կարելի ասել, որ սա սահմանադրական բարեփոխումների տեքստ է: «Բարեփոխման մասին տեքստ չկա, այստեղ, որ իրավական տեսակետից սա սահմանադրական բարեփոխումների նախագիծ չէ, այլ նոր սահմանադրության նախագիծ է.  հետևությունները թողնում եմ ձեզ»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել