Երեկ ողջ կամքս հավաքեցի ու նստեցի հեռուստացույցով ռուսական լուրեր դիտելու, ի վերջո, հետաքրքիր է մերթընդմերթ ծանոթանալ նրան, թե ինչպես է աշխատում ռուսական քարոզչական մեքենան ներքին ու արտաքին լսարանի վրա: Ճիշտն ասած՝ կամքս մի քանի րոպե հերիքեց, հետո էլի փախա համակարգչիս մոտ:

Ռուսաստանը գնալով ինձ ավելի է հիշեցնում բրեժնևյան իշխանության վերջին տարիների Սովետը, քանի որ այն պատկերը, որը փորձում է ստեղծել քարոզչամեքենան, տրամագծորեն տարբերվում է այն պատկերից, որ մարդիկ տեսնում են իրենց առօրյայում, իսկ դա հղի է շատ լուրջ ռիսկերով:

Օրինակ՝ երեկ ռուսական լուրերի հիմնական թեմաներից մեկը Պուտինի ու Մեդվեդևի մարզանք անելն ու հաց ուտելն էր: Այնպիսի մանրամասնությամբ պատմեցին, թե ով ինչ վարժություն է արել, քանի անգամ է ժիմ արել, հետո ինչ են արել, քանի սթեյք են խորովել ու ինչով խմել, որ մոտս տպավորություն էր, որ Ռուսաստանը հիմա դեֆոլտի եզրին կանգնած պետություն չէ, որին չորս կողմից ճնշում են ու պատժամիջոցների տարափ են տեղացնում:

Ես հասկանում եմ այն ռուսաստանցիներին, ովքեր այս ամենից գազազում են, որովհետև տպավորություն է, որ մարդկանց էշի տեղ են դնում ու ծաղրում են: Ու սա առավել է սրվում, երբ ամեն հերթական դարակազմիկ լուրին հաջորդում է էլ ավելի ապուշ ինչ-որ անալիտիկ հաղորդում, որտեղ վայ-փորձագետները լուրջ դեմքով համոզում են, որ պատժամիջոցները լավ են, գնաճը լավ է, ռուբլու փոխարժեքի գահավիժումը լավ է, իսկ Արևմուտքը հեսա ուր որ է փուլ է գալու:

Ինչո՞ւ, որովհետև Պուտինն էնքան ուժեղ ա, որովհետև ժիմ ա անում ու էս նեղ մաջալին սթեյք է պատրաստում: Ու թքած, որ Պուտինի ստեղծած քաղաքական համակարգն իրեն վերջերս անթաքույց լկտի է պահում, իսկ չինովնիկները, կորցնելով ամոթի ու վախի ցանկացած զգացում, ի ցույց են դնում իրենց շքեղ կյանքն ու օրենքի վրա թքած ունենալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել