Tert.am-ը գրում է.

«Մոդուս Վիվենդի»  կենտրոնի տնօրեն, թուրքագետ Արա Պապյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ մասնավորապես Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներին, ասաց, թե եթե հետահայաց վերլուծելու լինի, պետք է ասի, որ Թուրքիայում շատ կարևոր էր քրդական կուսակցության խորհրդարան անցնելը, քանի որ քրդական շարժումը թևակոխում է նոր փուլ:

«Եթե նայում ենք Հայաստանի շահերի տեսակետից, ապա մեզ համար բավական բարենպաստ վիճակ է, քանի որ Թուրքիան ավելի ու ավելի է զբաղված լինում իր ներքին հարցերով, հետևաբար նրա մասնակցությունը Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ ղարաբաղյան հարցին, գնալով նվազում է»,- ասաց Արա Պապյանը:

Մյուս կողմից էլ, ըստ թուրքագետի, Թուրքիայի հարաբերությունները գնալով վատանում են Արևմուտքի հետ:

«Ակնհայտ է, որ օգտագործելով «Իսլամական պետության» դեմ պայքարը, թուրքերը փորձում են իրենց մանր շահն ունենալ մեծ խաղի մեջ, այսինքն՝ պայքարում են քրիստոնյաների դեմ»,-նկատեց Պապյանը:

Առաջիկա ընտրությունների վերաբերյալ կանխատեսումներ անելով՝ Արա Պապյանն ասաց, թե նացիոնալիզմը Թուրքիայում կբարձրանա, ավելի շատ կլինեն հակահայկական հայտարարություններ:

«Սպասենք, որ մինչև նոյեմբեր հակահայկական և հակաքրիստոնեական ալիք կբարձրանա»,-ասաց նա:

Խոսելով Ադրբեջանի մասին, բանախոսն ասաց, որ և՛ Ադրբեջանի, և՛ Ալիևի վիճակը նախանձելի չեն:

«Ադրբեջանում էլ ակնհայտորեն դժգոհությունը շատանում է, նրանք հասկանում են, որ եթե պետք է ռազմական գործողություններ անեն, ապա դա պետք է իրականացնեն այս տարվա ընթացքում, ինչը չեն կարողանում իրականացնել»,- նշեց Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի ժողովրդի մեջ Ադրբեջանի ու ադրբեջանցիների նկատմամբ սկսել է ձևավորվել բացասական վերաբերմունք. նրանք հասկանում են, որ այդ ժողովուրդը միայն էթնիկ ծագումով է իրենց մոտ, իսկ մնացած հարցերում խիստ տարբեր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել