Մեկնարկել է Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի շինարարությունը։ Վերջինս, ըստ էության, ազդարարում է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների նոր փուլի սկիզբը։ Միտում կա, որ առաջիկայում էլեկտրագծի շինարարությանը կհաջորդեն նոր նախաձեռնություններ, որոնց իրականացման համար ևս լավ հիմքեր են ստեղծվել։ Սպասվում է, որ վորը նշված նախագծերից մեկն էլ կլինի Իրան-Հայաստան երկաթգիծը։

Հարկ է նշել, որ սեպտեմբերին սպասվում է գործադիրի ղեկավարի այցը Չինաստան, որի առանցքային խնդիրներից մեկը լինելու է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման վերաբերյալ ձեռքբերված քաղաքական պայմանավորվածությունները նաև տնտեսական հիմքերի վրա դնելը։ Դրա համար այսօր, առավել քան երբևէ, ստեղծված են բոլոր բարենպաստ նախադրյալները։ Այցի շրջանակներում նախատեսվում է երկու երկրների վարչապետների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի երկաթուղային հաղորդակցության այս հանգույցի կառուցման աշխատանքներում Չինաստանի ներգրավվածության ձևը։

Գաղտնիք չէ, որ տարեսկզբին հանրապետության նախագահի Չինաստան կատարած այցելության ընթացքում քաղաքական պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկաթգծի կառուցման վերաբերյալ։ ՀՀ-ի և Իրանի միջև երկութուղային հաղորդակցության ծրագրին մասնակցելու համար պատրաստակամություն են հայտնել չինական մի շարք հայտնի ընկերություններ։

Այսպիսով ստացվում է, որ Հայաստանը վերջին շրջանում ակտիվորեն լծվել է ՀՀ-Իրան երկաթգծի կառուցման ծրագրի իրականացմանը։ Դրա վկայություններից մեկն էլ վարչապետի վերջերս արված հայտարարությունն էր, ըստ որի՝ «Մենք դա կանենք, անկախ նրանից, այն որևէ մեկին կվիրավորի, թե ոչ, բխում է որևէ մեկի շահից, թե ոչ։ Փաստ է, որ երկաթգծի կառուցման հաջող ավարտը կնպաստի տնտեսության ակտիվացմանը և մեր բիզնեսի զարգացմանը»։

Հարկ է նշել նաև, որ աստիճանաբար ուրվագծվում է ծրագրի իրականացմանը մասնակցող երկրների շրջանակ։ Հայտնի է, որ երկաթգծի կառուցմամբ շահագրգռված է նաև Իրանը, որը բազմիցս հայտարարել է ծրագրին իր ֆինանսական մասնակցության պատրաստակամության մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել