Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Tert.am-ի հետ զրույցում  խոսելով սահմանային լարվածության մասին, ասաց, թե Ադրբեջանում տնտեսական և քաղաքական վիճակը գնալով ավելի է բարդանում, ներքին քաղաքականության մեջ Ադրբեջանը շարունակում է ընկղմվել ավելի խորը և ցավոտ պրոբլեմների մեջ, և, բնականաբար, դրա լուծման ճանապարհներից մեկը սահմանին լարվածությունը մեծացնելն է:

-Պարո՛ն Զաքարյան, սահմանում լարված վիճակ է, սկսել են ավելի հզոր զենքերից կրակել, Թուրքիայում էլ լարված է իրավիճակը: Հայաստանի համար այս պայմաններում ի՞նչ վտանգներ եք տեսնում:

-Ընդհանուր առմամբ՝ աշխարհում սպառնալիքները գնալով ավելանում են: Եվ մենք էլ պետք է կարողանանք ադեկվատ լինել բոլոր զարգացումներին: Պետք է կարողանանք հետևել և հետևություններ անել բոլոր զարգացումներից: Մենք պետք է կարողանանք պահպանել մեր ներքին կայունությունը և քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունն ի նպաստ մեր պետությունն անվտանգությունն ու սահմանների անվտանգությանը: Մենք պետք է կարողանանք Լեռնային Ղարաբաղի խնդրի բանակցային գործընթացն ամբողջությամբ պահել խաղաղ հունի մեջ, և լիարժեք ուժ և համապատասխան կարողություններ, մարտունակություն ունենալ խաղաղությունը լիարժեք պահպանելու համար և գտնել շահերի համադրման այն ճանապարհները, որոնք շարունակելու են խորացնել մեր փոխշահավետ գործընկերությունը մեր հարևան պետությունների հետ:

-Հայտնի է, որ խառնաշփոթ իրավիճակներում օգտվողներ միշտ էլ փորձում են լինել, այս դեպքում Ադրբեջանի քայլերը պայմանավորո՞ւմ եք դրանով:

-Քաղաքականությունը, այդ թվում՝ նաև արտաքին քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Ցանկացած սպառնալիքներ, խոչընդոտներ բերում են նաև հնարավորությունների: Մենք պետք է կարողանանք խելամիտ, հետևողական ձևով առաջ տանելով մեր պետական և ազգային շահերը համադրել և զարգացնել գործընկերությունը մեր ռազմավարական դաշնակցի հետ, գործընկեր պետությունների և հարևան երկրների հետ:

-Դուք ասում եք՝ պետք է կարողանանք: Ինչքանո՞վ ենք մենք կարողանում և առաջիկայում ի՞նչ ենք անելու:

-Կարողանում ենք: Մենք այսօր ունենք շատ լավ, իրեն արդարացրած արտաքին քաղաքականություն: Առաջիկայում ևս պետք է կարողանանք այդ նույն ճանապարհով առաջ գնալ՝ հաշվի առնելով մեր շուրջ տեղի ունեցող փոփոխությունները: Նոր սպառնալիքներ կան Մերձավոր Արևելքում, Թուրքիայի տարածքում, նոր սպառնալիքներ՝ տնտեսական ճգնաժամերի տեսքով:

-Վերջին շրջանում հաճախ են հայտարարություններ արվում, թե շահագրգռվածություն կա, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում լինի, այսինքն` այս մասով գոնե պատերազմական գործողություններ չծավալվեն, մինչդեռ Ադրբեջանն այդքան էլ հետևողական չէ և գնում է սադրանքների:

-Ադրբեջանում տնտեսական և քաղաքական վիճակը գնալով ավելի բարդանում է, արտաքին քաղաքականության մեջ Ադրբեջանը կորցնում է իր կրեդիտները, կամ ինչպես ընդունված է ասել՝ քաղաքական կապիտալը և դերակատարությունը: Ներքին քաղաքականության մեջ Ադրբեջանը շարունակում է ընկղմվել ավելի խորը և ցավոտ պրոբլեմների մեջ: Բնականաբար, դրա լուծման ճանապարհներից մեկը սահմանին լարվածությունը մեծացնելը և հասարակությանը կոնսոլիդացնելը կամ ընդհանուր թշնամի կերտելու գործընթացը շարունակելն է: Թե ինչքանով ադրբեջանական հասարակությունը կարձագանքի ալիևյան ռեժիմի գործողություններին, ժամանակը ցույց կտա, բայց մի շատ կարևոր հանգամանք կա, որ ռազմական ճանապարհով խնդիրը լուծում չունի: Դա ասում են բոլոր միջազգային կազմակերպությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ղեկավարների ամենաբարձր մակարդակով, դա ասում է Մինսկի խմբի բանակցային գործընթացը: Ադրբեջանն էլ շատ լավ հասկանում է, որ իրեն թույլ չի տրված օգտվել այն իրավիճակից, որը, ցավոք, նոր հիմնախնդիրներ է ստեղծում մեզ շրջապատող տարածաշրջաններում: Դրա համար մենք պետք է լինենք խոհեմ և հավասարակշռված:

-Ինչո՞ւ կտրուկ արձագանքներ չկան Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունների վերաբերյալ:

-Դիվերսիոն գործողություններին կան կտրուկ արձագանքներ նույն գործողություններով: Հիմա եթե ես կամ դուք հայհոյենք Ադրբեջանին, դրանով բան չի փոխվելու:

-Խոսքս միջազգային հանրության մասին էլ է…

-Այդ թվում՝ միջազգային հանրությունը: Միջազգային հանրությունը, ի դեպ, միշտ էլ իր բացասական վերաբերմունքն է ցույց տվել սահմանային լարվածության վերաբերյալ: Պարզապես շատ կարևոր է, որ այն լինի հասցեական, ուղղված կոնկրետ Ադրբեջանին, բայց իհարկե, մենք մեր հարևանին լավ ճանաչելով՝ գիտենք, որ ուժով է պետք լռեցնել այն բոլոր կամակորությունները կամ ոտնձգությունները, որոնք Ադրբեջանն է իրականացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել