Ծխախոտի հայ արտադրողները Կովկասում... 19-րդ դարի երկրորդ կեսի Հարավային Կովկասում ծխախոտի եւ գլանակների խոշորագույն արտադրություններն էին համարվում Էնֆիաջյանցի եւ Բոզարջյանցի ծխախոտի գործարանները Թիֆլիսում (նկարում): 
Ծխախոտի առաջին արտադրությունը Թիֆլիսում հիմնել է Համբարձում Էնֆիաջյանցը 1852 թ.՝ այնուհետեւ շարունակելով իր գործն արդեն որդիների հետ համատեղ: «Էնֆիաջյանց եւ որդիներ» ընկերությունը Եւրոպայից ներմուծեց ավտոմատ սարքավորումներ՝ 8 հատ գլանակ պատրաստող մեքենա, եւ փաստորեն առաջինը Կովկասում ներդրեց գլանակների հոսքագծերով արտադրությունը: Գործարանում աշխատում էին 300 բանվոր՝ հիմնականում հայեր: «Էնֆիաջյանց եւ որդիներ» ընկերության արտադրանքը մեծ պահանջարկ ուներ եւ արտահանվում էր Ռուսաստանի խոշոր քաղաքներ: Նշենք, որ 1893 թ. ընկերության արտադրանքը Չիկագոյին համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է բարձրագույն պարգեւի, ինչպես նաեւ ստացել է 10 բարձր պարգեւներ այլ ցուցահանդեսներում: 
Բոզարջյանցն իր ֆաբրիկան հիմնադրել է 1858 թ. եւ նույնպես հետագայում շարունակել իր գործը որդիների հետ: Երկու գործարաններն էլ աշխատել են ընդհուպ մինչեւ Վրաստանում սովետական կարգերի հաստատումը՝ հանդիսանալով Հարավային Կովկասում այդ բնագավառի ամենախոշոր արտադրությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել