Tert.am-ը գրում է.

«Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտ» (WRI) հասարակական կազմակերպության կատարած հետազոտության համաձայն՝ աշխարհի երկրների շուրջ 1/5-րդը մինչև 2040 թ-ը կունենա ջրի խիստ պակաս: Հայաստանը 33 երկրների շարքում զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը՝ հավաքելով 4.60 միավոր։ Ըստ հետազոտության՝ կլիմայի փոփոխությունները խախտում են տեղումների պարբերականությունը, իսկ աճող բնակչության մոտ ջրի պահանջարկն ավելանում է։

Իրավիճակն առավել վտանգավոր է Քաթարում, Բահրեյնում, Սան Մարինոյում, Պաղեստինում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սինգապուրում ու Քուվեյթում, որոնք առավելագույն 5 միավոր են ստացել։ Հայաստանի հարևաններից Իրանը գտնվում է 13-րդ հորիզոնականում, Ադրբեջանը՝ 18-րդ։

«Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զառաֆյանի համար նման հետազոտությունը զարմանալի չէ և նա արձանագրում է՝ ջրի խնդիրը մասնավորապես Արարատյան դաշտում արդեն իսկ խիստ մտահոգիչ է:

«Պետք է հասկանանք, որ Հայաստանն արդեն ունի ջրի պակաս, գոնե Արարատյան  դաշտի պարագայում, որտեղ ստորգետնյա և արտեզյան ջրերի գերօգտագործումից  էկոհամակարգը խիստ վտանգված է»,- ասաց նա և նշեց, թե նման մեծ քանակի ջրօգտագործման թույլտվություն եղել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի օրոք, ով հիմա էլ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ է նշանակվել:

«Մեծ վտանգ է ներկայացնում նաև մայր ջրային աղբյուրների վիճակը, որոնք արդեն չորանում են, օրինակ՝ Սիսիանում, իսկ դա շատ վտանգավոր է»,-ասաց նա:

Ինգա Զառաֆյանը հղում կատարեց Կլիմայի փոփոխության մասին երրորդ ազգային հաղորդագրությանը, ըստ որի՝ ոլորտում կլիմայի փոփոխության ռիսկերը և ջրի պակասը գնում է ամենավատ սցենարով:

«Այնտեղ ասում է, որ ամենավատ սցենարով է գնում մեր ջրային ռեսուրսների պահպանման ծրագրերը, այսինքն՝ քանի սցենար կա, երբ որ նայում ես, մեր մոտ Հայաստանում կառավարումը և կլիմայի փոփոխության կանխմանն ուղղված քայլերը գնում են ամենավատ սցենարով»,- ասաց նա:

«Էկոլուր» ՀԿ նախագահը նշեց, որ կառավարությունն էլ է տեղյակ աղետի հանգող վիճակից, և կոնկրետ Բնապահպանության նախարարությունը տարբեր միջազգային կազմակերպությունների հետ միասին հետազոտություններ են անում, հասկանալու, թե ինչ քայլեր պետք է անեն, որ դիմակայեն այդ ռիսկերի հետևանքները:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե չի կարող ասել, թե ինչ չափանիշներով է «Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտ» ՀԿ-ն հաշվարկել, բայց  ըստ նրա՝ նման կարգի խնդիրներ ու վերլուծություններ արվում են: «Իհարկե  խնդիր ունենք ապագայի համար ևս, և կա նաև գործողությունների հստակ ծրագիր»,- ասաց նա:

Մհեր Մկրտումյանի խոսքով՝ Հայաստանն ունի 7,5 մլրդ խմ վերականգնվող ջուր, որից  փորձում են օգտագործել 1/3-րդը: Ըստ նրա՝ բացի այդ, օրինակ՝ հարևան երկիր Թուրքիան ջրամբարաշինարարական ծրագրեր է իրականացնում և եթե առաջիկայում սկսեց ջրերն ամբարել, Ախուրյանի ավազանում խնդիրներ կլինեն:

«Այդ ամենը հաշվի առնելով՝ ջրամբարաշինական ծրագրեր են իրականացնում Վեդու, Կապսի, Եղվարդի և Մաստարայի առաջնահերթ ջրամբարաշինական աշխատանքների ուղղությամբ: Այս ջրամբարներն առաջիկա 5-7 տարիների ընթացքում կկառուցվեն և կամբարենք մոտավորապես 200 մլն խմ ջուր: Նաև Մարմարիկի ջրամբարն ենք վերակառուցել, և արդյունքում միայն Մարմարիկում 24 մլն խմ/մ ջուր ենք կուտակում»,- ասաց նա և հավելեց, թե դրանք շարունակական  ծրագրեր են և դրանցով կանգ չեն առնելու:

«Սևանա լճում ենք շարունակելու ջուր կուտակել, որպես խոշոր բնական ջրավազան ՝ 37,5 մլն խմ մետր ջուր կա այնտեղ: Իհարկե, անելիքներ կան և գործողությունները հստակ են»,- ասաց նա:

Անօրինական ջրօգտագործումների հարցին նա պատասխանել չի կարող, իր ոլորտը չէ և այդտեղպատասխանատուն բնապահպանության նախարարությունն է, բայց նկատեց, թե ջրամբարների կառուցմամբ՝ կուտակած ջուրը Արարատյան դաշտ կտեղափոխվի:

«Կապսի, Վեդիի, Եղվարդի, ջրամբարները գալու են լրացնեն ջրօգտագործման խնդիրը: Երբ որ ծրագրի երկրորդ փուլով ջրերը կհոսեն դեպի Արարատյան դաշտ, արդեն լրիվ ինքնաբավ կլինեն»,- ասաց նա:

Նշենք, որ Արարատյան դաշտում վերջին տարիներին նվազել է աղբյուրների ջրատվությունը, ըստ բնապահպանների՝ այստեղ ջրերն անխնա օգտագործվում են ձկնարտադրողների կողմից:

«Պետք է շարունակենք օգտագործել որպես տնտեսվար, իհարկե արդյունավետ և ապօրինությունները, եթե կան վերցվեն, հաշվառման համակարգը կատարելագործվի, այսինքն ՝ տեխնիկական, տնտեսական, ֆինանսական բաղադրիչները հաշվի առնվի»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել