Պատմական դեմքեր` Րաֆֆու «Խենթը», կամ նույն ինքը Սամսոն Տեր-Պողոսյանը: Այս լուսանկարը նույնպես իմ անձնական արխիվից է` բնագիր օրինակ: Նշեմ, որ ըստ իմ պապի պատմածի` պապիս հայրը ճանաչելիս է եղել Սամսոն Տեր-Պողոսյանին և հենց Սամսոն Տեր-Պողոսյանն է նվիրել իրեն այս ներկայացվող նկարը: Լուսանկարի դարձերեսին ոչ մի գրառում չկա, միայն լոգոն է` «Ֆոտո Կիկնաձե, Կովկաս»:

Սամսոն Տեր-Պողոսյանը (1851, Արագյուղ - 1911, Վաղարշապատ)` ռուսական բանակի գնդապետ, ազատագրական պայքարի մարտիկ, Րաֆֆու «Խենթը» վեպի հերոս Վարդանի նախատիպն է հանդիսացել։ Նա կամավոր մասնակցել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմին, աչքի ընկել քաջությամբ, խենթ հերոսությամբ դուրս է եկել Բայազեդի 24 օր շրջափակված բերդից և օգնության կանչել անհրաժեշտ ուժերին։ Գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասովի միջնորդությամբ այդ սխրանքի համար ռուսական իշխանությունները նրան շնորհել են սպայի կոչում, Սուրբ Գեորգիի ոսկե խաչ և նշանակել ցմահ թոշակ։

Հետագայում 1903-1906թթ. եղել է Վայոց Ձորի գավառի գավառապետի պաշտոնակատար, իսկ 1906-1911թթ.՝ Էջմիածնի գավառի ջրաբաշխ։ Իր անձնական միջոցներով 1890-ին հայրենի Արագյուղում հիմնել է դպրոց, որի ուսուցիչներին վճարելու համար մինչև իր մահը ամենամյա ֆինանսական օգնություն է հատկացրել։ Սամսոն Տեր-Պողոսյանի աճյունը ամփոփված է Էջմիածնի Սուրբ Գայանե վանքին կից գերեզմանատանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել