Tert.am-ը գրում է.

Մինչ Եվրոպան բախվում է բռնությունից և հետապնդումներից փախչող փախստականների հսկայական թվի խնդրին և մինչ եվրոպական երկրներում աճում է քսենոֆոբիան, թերևս լավ կլինի վերհիշել այն ժամանակները, երբ հուսահատ հայերն ապաստան էին փնտրում և ստանում այստեղ, գրում է Մերի Ֆիցջերալդը Irish Independent թերթում «Ի՞նչ կարող են պատմել Հայաստանի ուրվականները միգրացիայի ճգնաժամի մասին» վերնագրված հոդվածում:

Հեղինակը խոսում է Հայոց ցեղասպանության մասին Անկարայի ժխտողական քաղաքականության, ինչպես նաև 100-ամյա տարելիցի հիշատակման միջոցառումների մասին և գրում է, որ 1915-ի կոտորածներն ուղեկցվել են հայերի բռնի արտաքսմամբ, ինչը ստիպել է հայերին սփռվել ողջ աշխարհով մեկ՝ դառնալով աշխարհի ամենամեծ սփյուռքներից մեկը, որն այժմ մինչև 10 միլիոնի է հասնում:

Այն երկրները, որտեղ հիմնվել են ավելի մեծ թվով հայ փախստականներ, այդ թվում նաև Ֆրանսիան, որտեղ աշխարհում երրորդ ամենամեծ թվով հայկական համայնքն է, ավելի շատ են միտված եղել զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակել:

Հեղինակը հիշեցնում է, որ ապրիլին Երևանում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, որ 2001 թվականին Ֆրանսիայում ընդունված օրենքը, որը 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն է ճանաչում, «ճշմարտության ակտ էր» և պնդել է որ ժխտումը թույլ է տալիս, որ կոտորածները կրկնվեն: Ֆրանսիան ԵՄ տասնյակ անդամ-երկրներից է, որ այս դիրքորոշումն ունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ, գրում է հոդվածագիրը:

Հեղինակը հիշում է, որ իր քաղաքում՝ Մարսելում կա 1915 թ. ապրիլի 24 պողոտա, որտեղ շատ տեղական բիզնեսների անունները մատնում են դրանց հայկական ծագումը: Ֆրանսիայի երկրորդ ամենամեծ քաղաքի այս թաղամասը հայտնի է «Փոքր Հայաստան» անունով, գրում է նա:

«Այստեղ՝ Մարսելում, այդ ժամանակների հիշատակը պահպանվում է 1915 թ. ապրիլի 24 պողոտայում քարե հուշարձանի և հայկական ծագմամբ մոտ 80 000 բնակիչների կյանքի տեսքով: Քաղաքը ութ հայկական եկեղեցի ունի, մեկ մայր տաճար, երկլեզու դպրոց, որտեղ ֆրանսահայերը կարող են սովորել իրենց հայրենիքի լեզուն, մշակույթը և պատմությունը»,- գրում է հեղինակը:

Նա նաև հիշեցնում է, որ հայերը կարևոր դեր են խաղացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիական դիմադրությունում, ինչպես նաև ֆրանսիական ինտելեկտուալ կյանքում՝ որպես արվեստագետներ, երաժիշտներ և գրողներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել