Tert.am-ը գրում է.

Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 15-ից 20-ը ընկած ժամանակահատվածում միայն պարզ կլինի, թե քանի երեխա կոնկրետ Շիրակի մարզում դուրս է մնացել կրթությունից։ Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ մտահոգիչ է դառնում, երբ երեք- չորս տասնյակից ավելին է այդ թիվը կազմում:

Նա հավատացրեց, թե թիվը սակայն հարաբերական է, քանի որ արագ հայտնաբերում են, աշխատանքներ տանում և զուգահեռ տեղավորում դպրոցներում:

Սահակ Մինասյանի խոսքով՝ 30 000 երեխայից երկու տասնյակը մեծ թիվ չէ. «Ամբողջ աշխարհում կա, ճիշտ է՝ ամեն մի երեխան մի ճակատագիր է, մի անհատականություն, բայց այդուհանդերձ հազար ու մի պատճառ կարող է լինել: Կարող է մի բարձր դասարանցի երեխա նպատակ է դրել, որ որևէ մասնավոր սեկտորում աշխատանքի, կամ ծրագրային փողը չի հերիքում և ուզում է մի քանի ամիս աշխատել: Աշխատանք ենք տանում հետը՝ համոզում ենք, բերում ենք»:  

Սահակ Մինասյանի խոսքով՝ ավելի վերահսկելի են գյուղական բնակավայրերը, որովհետև դպրոցի մանկավարժական համակազմը միահամուռ ուժերով համայնքի ղեկավարների հետ օպերատիվ հաշվառում են:

«Մենք, որպես կանոն, տիրապետում ենք ոչ ուշ, քան սեպտեմբերի առաջին շաբաթվա վերջ: Քաղաքային բնակավայրերում հատկապես Գյումրիում, նույնն անում ենք համեմատականով: Այսինքն՝ անցյալ տարի այդ երեխային ունեցել ենք, իսկ այս տարի չկա: Դպրոցը ճշգրտումներ է անում՝ երկրից է գնացել, թե դպրոցը փոխել է, և որից հետո համայնքի առանձին միավորումների հետ ճշգրտում են վերջին արդյունքը և սեպտեմբերի 15-ից հետո ունենում ենք և ծրագրային մոտեցումներով աշխատում այդ ուղղությամբ»,-ասաց նա: 

Սահակ Մինասյանը նշեց, որ գյուղական բնակավայրերի ռիսկը զրոյին մոտ է, իսկ քաղաքային բնակավայրերում՝ դրական տեղաշարժ ունեն նախորդ տարիների համեմատ:

Հարցին, թե դուրս մնալու հիմնական խնդիրը արդյոք սոցիալական է, վարչության պետը հավատացրեց, թե ոչ: «Նախորդ տարիներին շատ էին դիմում սոցիալական խնդիրներով, հիմա, փառք Աստծո, և հետո ավելի ուշադիր է դարձել դպրոցը, անկախ նրանից, թե Շիրակինն է, Լոռիին է, թե երևանյանն է: Հիմա արդեն երեխաները հաշվառվում են, հատկացվում են օգնություններ: Պատկերացրեք, որ երեխայի դպրոց գալու ծախսերը հոգում են դասարանցիները, հատկացնում է դասղեկը, իսկ երեխան չի էլ իմանում, որ այդ ծախսերը դասընկեր են հոգացել: Մենք մի քիչ պատվախնդիր ժողովուրդ ենք էլի»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել