Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ.

Գիտնականները «Մեռած գլուխ» միաբանությունից

Առաջին արշավը, որին մասնակցեց երիտասարդ ՍՍ-ական գիտնական Էրնստ Շեֆֆերը, Բիրմայից 1931 թվականին մեկնելը եղավ: Արշավը գլխավորեց դոկտոր Հուգո Վեյգոլդը, իսկ դրա երթուղին հատուկ շատ բարդ էր ընտրված, և արշավախմբի մասնակիցները ստիպված էին անցնել լեռնային արահետներով: Հատկապես վտանգավոր էին լեռնային գետանցումները: Անդադար բարդություններից ու վտանգներից դրդված Շեֆֆերը, ով հիանալի որսորդ ու փայլուն հրաձիգ էր, արշավախմբի ղեկավարությունը վերցրեց իր վրա:

Չինաստանում այդ տարիներին քաղաքացիական պատերազմ էր, իսկ ծայրամասերում իշխում էին տարատեսակ իշխանիկներ ու ցեղապետներ: Անդադար զինված բախումներ էին տեղ գտնում, իսկ Չինաստանի հյուսիսում արշավախումբը բախվեց Մաո Ցզեդունի կարմիր բանակայիններին: Չնայած այս բոլոր բարդություններին ու հսկայական ռիսկին՝ արշավի արդյունքները պարզապես փայլուն էին: Շեֆֆերը դարձավ առաջին եվրոպացին, ով տեսավ պանդա արջերին, սպանեց մեկին ու դրա խրտվիլակը բերրեց Բեռլին: Նա նաև պարզեց, որ աշխարհագրական ատլասներում սխալ է նշված Յանցզի գետի սկզբնամասը, գտավ ռելիկտային բազմաթիվ բույսեր, որոնք դեռևս նկարագրված չէին բուսաբանությունում:

Երկրորդ արշավը տեղի ունեցավ 1935 թվականին: Դրա երթուղին գնում էր Յանցզի գետի երկանքով ու, հասնելով դրա ակունքին, ճանապարհորդները շրջվեցին դեպի հարավ՝ դեպի Մեկոնգ գետի ակունք ու, հսկայական շրջան անելով, վերադարձան Չինաստան: Շեֆֆերը դարձավ մի շարք փայլուն գիտական հայտնագործությունների հեղինակ՝ հայտնաբերելով օրանգո այծյամին, գաճաճ աղավուն ու երկնագույն գառանը: Այս արշավներին ակտիվ մասնակցելու համար Հիտլերը շնորհեց նրան ՍՍ-ի օբերշտուրմբանֆյուրերի կոչում:

«Արևմտյան ու արևելյան սվաստիկաների» հանդիպումը

1939 թվականին ՍՍ-ի ղեկավար Հիմլերն անձամբ առաջարկեց Շեֆֆերին աշխատել «Անեներբեում»՝ խոստանալով անսահմանափակ ֆինանսական հնարավորություններ: Շեֆֆերը սկսեց երրորդ արշավը կազմակերպել, որը պետք է մեկներ Լհասա: Ճանապարհորդության մեկնարկի նախօրեին՝ 1938 թվականի սեպտեմբերի 10-ին, Հիմլերն իր մոտ հրավիրեց արշավի բոլոր մասնակիցներին: Թե ինչ հրահանգավորումներ արեց ՍՍ-ի ղեկավարը, գաղտնի է առ այսօր: Ապրիլի վերջին արշվախումբն իր ողջ կազմով մեկնեց Կալկաթա: Դրա կազմում կար ռադիոհեռախոսավար ու երկու պրոֆեսիոնալ հետախույզ:

Հայտնի է, որ բացի նրանից, որ նրանք տեղեկատվություն էին հավաքում Տիբեթի դիմադրության ուժերի հնարավորությունների ու կազմակերպվածության մասին, նրանց պարտականությունների մեջ էր մնում ռադիոկապի հաստատումը Լհասայի հետ, որպեսզի Հիտլերը մշտական կապ ունենա աշխարհի հոգևոր կենտրոնի հետ:

Հենց այդ ժամանակ էլ Եվրոպայում սկսվեց պատերազմը, ու անգլիացիները փակեցին դեպի Տիբեթ տանող ճանապարհները, իսկ Շեֆֆերը դարձավ արևմտյան մամուլի գլխավոր թիրախներից մեկը: Արշավախմբի մասին գրում էին, որ դրանք «Գերմանական լրտեսներ են Տիբեթում», ու բրիտանական զորքերն իսկական որս սկսեցին նրանց նկատմամբ: Արշավախմբին փրկեց նացիստական հայացքներին համակրող պարոն Գոլդը, ով բարձր պաշտոն էր զբաղեցնում անգլիական ադմինիստրացիայում: Շնորհիվ վերջինիս՝ Շեֆֆերի խումբը բարեհաջող հասավ Լհասա, որտեղ նրանց գրկաբաց ընդունեցին Տիբեթի իշխանությունները: Շեֆֆերին հաջողվեց կազմակերպել այսպես կոչված «Արևմտյան ու արևելյան սվաստիկաների» հանդիպումը:

Տիբեթի հուզված Կվոտուհտու ռեգենտն ուշագրավ մի նամակ գրեց Հիտլերին այս առնչությամբ.

«Մեծարգո՛ պարոն Հիտլեր, լայնածավալ երկրների վրա իշխող Գերմանիայի տիրակալ: Թող Ձեզ ուղեկցեն ուրախությունը, առողջությունը, հանգիստն ու բարորությունը:

Այժմ Դուք չարչարվում եք ռասայական հիմքի վրա հիմնված հսկայածավալ պետություն ստեղծելու ուղղությամբ, ուստի Տիբեթ ժամանած գերմանական արշավախմբի ղեկավար սահիբ Շեֆֆերը չի ունեցել դժվարություններ ո՛չ իր ճանապարհին, ո՛չ էլ բարիդրացիական հարաբերություններ սկսելու իր առաքելության մեջ: Ավելին, մենք հավակնում ենք հետագայում էլ ավելի ընդլայնել այդ բարիդրացիական հարաբերությունները մեր կառավարությունների միջև:

Ընդունեք, Ձերդ գերազանցություն պարոն Հիտլեր, մեր ընկերասիրության հավաստիացումները: Ու սա ես հաստատում եմ Ձեզ:

Գրված է տիբեթյան Հողային նապաստակի առաջին տարվա 18-րդ օրը (1939 թվական)»:

Արշավախումբը Տիբեթում մնաց ավելի քան երկու ամիս, հսկայածավալ հետազոտական աշխատանքներ իրականացրեց, այցելեց Տիբեթի ամենասուրբ վայրերից մեկը՝ Յարլինգը, ու բռնեց վերադարձի ճանապարհը: Մինչ այդ հաստատեցին Լհասա-Բեռլին ռադիոկապը:

Բեռլինում Շեֆֆերին դիմավորեցին ինչպես մամուլի ներկայացուցիչները, այնպես էլ անձամբ Հիմլերը: Հաջողությունն ակնհայտ էր, չնայած նրան, որ գերմարդկանց գաղտնի երկիրը՝ Շամբալան, այդպես էլ չէր հայտնաբերվել: Հիմլերը գուրգուրեց Շեֆֆերին ու վստահեց նրան նոր՝ գերգաղտնի հանձնարարություն. նախապատրաստել ու ԽՍՀՄ-ի տարածքով Լհասա ուղարկել 30 ՍՍ-ականների, ովքեր պետք է իրենց հետ 1000-2000 տիբեթցիների զինելու համար բավարար զենք ու զինամթերք տեղափոխեին, որպեսզի վերջիններս սկսեին հարձակումներ գործել անգլո-հնդկական սահմանակետերի վրա Նեպալի սահմանին, ինչպես նաև հենց Լհասայում գտնվող անգլիական հենակետին:

Սակայն գերմանացիների պլանները դատապարտված էին ձախողման: Երկրորդ աշխարհամարտի ընթացքը եղավ ոչ այնպիսին, ինչպես այն պլանավորել էր Հիտլերը: Հայտնի չէ, թե ինչ խորհուրդներ էր տալիս նրան Աշխարհի Տիրակալը Լհասայի հետ ռադիոկապերի ժամանակ, բայց հայտնի է, որ դրանք հաստատ չօգնեցին նացիստներին:

Լուի Պովելն ու Ժակ Բարյեն իրենց «Կախարդների առավոտը» գրքում գրել են. «Ստալինգրադում կոմունիզմը չէր, որ գերակայեց ֆաշիզմի հանդեպ, կամ էլ, ավելի ճիշտ է ասել, միայն դա չէր, որ տեղի ունեցավ: Եթե նայենք ավելի հեռավոր դիտակետերից, այսինքն՝ այնտեղից, որտեղից հնարավոր կլինի գնահատել նման հսկայածավալ իրադարձությունների իմաստը, ապա մեր հումանիստական քաղաքակրթությունը կանգնեցրեց մեկ այլ քաղաքակրթության տիտանական ծավալումը, որը հիմնված էր լյուցիֆերյան, կախարդական ու մարդատյաց գաղափարների վրա, որոնք ստեղծված էին ոչ թե մարդու, այլ «Մարդուց ավել ինչ-որ բանի» համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել