Tert.am-ը գրում է.

«Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցությունը քննարկել է սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում ՀՀ Նախագահի հրավերը և քննարկման ժամանակ ապահովվել է քվորում:

Այս մասին Tert.am–ին հայտնեց  ՀՀՇ–ի նախագահ Արարատ Զուրաբյանը՝  անդրադառնալով  կուսակցության վարչության այլևս նախկին անդամ Կարապետ Ռուբինյանիհայտարարությունը, որ իր կուսակիցները դավաճանել են իրենց սկզբունքներին՝ չեն քննարկել սահմանադրական բարեփոխումներին ՀՀ նախագահի հրավերը, ինչի համար էլ ինքը դադարեցրել է իր անդամությունը կուսակցությանը:

«Քննարկում եղել է, քվորում ապահովված է եղել, մարդիկ իրենց տեսակետները արտահայտել են: Բոլորը, գրեթե բոլորը, որովհետև ամառ է, մի քանիսը քաղաքում չեն, բայց կրկնում եմ՝ մեր մոտեցումները հստակեցրել ենք, նոր գնացել ենք»,- ասաց Արարատ Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ Կարապետ Ռուբինյանն այսօր հայտարարել էր, որ  դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը՝ համարելով, որ երեկ սահմանադրական բարեփոխումները քննարկելու համար ՀՀ Նախագահի հրավերն ընդունած ՀՀՇ ղեկավարների գործելաոճը «կոպտորեն ոտնահարում է կուսակցության անդամների` հարցեր քննարկելու ու որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը և խորը հակասության մեջ է այն սկզբունքների հետ, որոնց շուրջ պայմանավորվել էին հիմնադիրներով, երբ ընդվզացել էին հին ՀՀՇ-ի դեմ ու վերաբացել նորը»:

Ինչ վերաբերում է Ռուբինյանի մեկնաբանություններին, ապա Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Որևէ  մեկնաբանություն այդ կապակցությամբ չեմ ցանկանում տալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել