Tert.am-ը գրում է.

Ստամբուլի հայ համայնքը պատրաստվում է Բաքըրքյոյ շրջանում դպրոցի նոր շենքի բացմանը՝ 2015-2016 թվականների ուսումնական տարվա համար, գրում է Hurriyet Daily News-ը։

Այն փոխարինելու է դպրոցի նախկին շենքին, որը ծառայել է արդեն 171 տարի։

«Ուրախ եմ տեսնել, որ դպրոցը գրեթե պատրաստ է։ 171 տարի անց նոր շենք տեղափոխվելը բոլորիս ուրախացնում է»,-ասել է Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի ղեկավար Մեսութ Օզդեմիրը։

Բաքըրքյոյի համայնքապետարանն աջակցել է դպրոցի կառուցմանը, սակայն չնայած դրան՝ համայնքից մեծ ջանքեր են պահանջվել ֆինանսական խնդիրները լուծելու և աշխատանքն ավարտին հասցնելու համար։

«Մենք երախտապարտ ենք բոլորին, ովքեր օգնել են մեզ հասնելու այս պահին. նախարարներ, քաղաքապետեր և հայ համայնք»,-ասել է նա։

Նոր կրթական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի 28-ը, կդառնա հայկական դպրոցի պաշտոնական բացման օրը։

Տասնամյակներ շարունակ Բաքըրքյոյի հայերը միայն մեկ դպրոց են ունեցել, սակայն աշակերտների թվի աճի պատճառով դպրոցը խնդիրների առաջ էր կանգնել։

Այս դպրոցը կարող է ընդունել մինչև 500 աշակերտի։

«Մենք այժմ ավելի մեծ մարզադահլիճ ու հանդիսասրահ ունենք»,- ասել է Օզդեմիրը։

Այժմ Ստամբուլում ազգային փոքրամասնությունները 22 դպրոց ունեն. դրանցից 5-ը հունական է, մեկը՝ հրեական, իսկ մնացած 16-ը՝ հայկական։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել