Tert.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզի մի շարք համայնքներ` ծանոթանալու օգոստոսի 22-ին տեղացած ուժեղ կարկուտից տուժած համայնքների կրած վնասներին, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Սկզբում նախարարը Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ  այցելել է բնական աղետից ամենաշատը տուժած Շահումյան համայնք, տեղում ծանոթացել վնասի իրական չափերին:

Այնուհետև  նախարարն ուղևորվել  է կարկտահարությունից վնասներ կրած Այգեզարդ, Այգեպատ, Վերին Արտաշատ և Ոստան համայնքներ: Տուժած բոլոր տնտեսություններում նախարարը զրուցել է գյուղացիների հետ, նշել, որ կարկուտի պատճառած վնասները հաշվարկելու համար ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ, որոնց աշխատանքի արդյունքներն ամփոփումից հետո կներկայացվեն ՀՀ կառավարություն:

«Հիմա առաջնահերթ խնդիրներից է վերականգնել կարկտահարված այգիները, որպեսզի հաջորդ տարի հաջողվի լիարժեք բերք ապահովել», - նշել է իր խսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը նաև հավելել է, որ առաջիկայում կառավարությունում  կքննարկվի վարկերի հետաձգման հարցը և կցուցաբերվի անհատական մոտեցում։

Ընդհանուր առմամբ, Արմավիրի և Արարատի մարզում կարկտահարության արդյունքում տարբեր չափի վնասներ է կրել շուրջ 16 համայնք, իսկ Շիրակի մարզում 3 համայնք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել