Հայ հասարակությունն ապրում է գերքաղաքականացված վիճակում, որը պարբերաբար էլ ավելի է սրվում ընտրությունների նախաշեմին և դրանից հետո: Ընդդիմադիր կուսակցությունները հանկարծ սկսում են համաձայնության նշաններ արձագանքել իշխանության պրոյեկտներին, այս կուսակցությունից մի քանիսը վազում են ուրիշ կուսակցություն, աշխատանքի ընդունում են ոչ թե մասնագիտական, այլ կուսակցական պիտանելիության և պատկանելիության սկզբունքով, իշխող կուսակցության անդամները ներթափանցել են հնարավոր բոլոր համակարգերը՝ կառավարություն, կրթություն, ապահովագրություն, առևտուր և այլն, և այլն.... Այս ամենը հանգեցրել է նրան, որ Հայաստանում հանրությունն ապրում է խիստ քաղաքականացված պայմաններում, որն, անկեղծ ասած, արդեն բավականին զզվացրել ու հոգնեցրել է, բայց, անկախ դրանից, պետք է իմանալ այդ վիճակի պատճառը:

Մեր իրականությունը գերքաղաքականացված է դարձել այն պատճառով, որ տարիներ շարունակ սոցիալական կյանքի ամենատարբեր ոլորտներում առկա խնդիրները չեն լուծվել, և մարդիկ բնականաբար սկսել են փնտրել այդ բարձիթողի վիճակի պատասխանատուներին: Իսկ պատասխանատուները, առաջին հերթին, քաղաքական իշխանությունն է և քաղաքական վերնախավը: Այսինքն, արդեն ավելի քան երկու տասնամյակ մարդիկ, չստանալով իրենց կենցաղային և սոցիալական բազում հարցերի լուծումներ, անընդհատ ստիպված են փնտրել, գտնել և դիմել ոլորտի պատասխանատուներին, որպեսզի խնդիրներն ինչ-որ լուծում ստանան, սկսած վերելակի գումարների անհետացումից և թաղապետարանում մի թղթի վրա կնիք դնելուց, վերջացրած ավելի գլոբալ, օրինակ, տրանսպորտի և հոսանքի վարձի բարձրացման և կարմիր գծերի օրինականության հարցը քննարկելուց և դրա պատասխանատուներին որոնելուց:

Հայաստանում սոցիալական պայմանները լինելու են խիստ քաղաքականացված այնքան ժամանակ, քանի դեռ մարդու և պետության միջև հարաբերությունները կարգավորող ինստիտուտները և համակարգերը նորմալ չաշխատեն: Օրինակ, եթե մենք վստահեինք ոստիկանությանը, դատախազությանն ու արդարադատության համակարգին (այսինքն, եթե նրանք նորմալ աշխատեին), հանրությունն այդչափ մեծ սթրես չէր ապրի աղմկահարույց ամեն հանցագործության կամ հանրահավաքը կազմակերպելու և ցրելու առիթով, քանի որ վստահ կլինեինք, որ դա արվում է օրենքի շրջանակներում: Իսկ քանի որ չենք վստահում, որովհետև միշտ չի, որ արվում է օրենքի շրջանակներում, այլ ավելի հաճախ՝ ելնելով իրավիճակի քաղաքական նպատակահարմարությունից, ապա մենք միշտ նստում-խոսում-վերլուծում-գտնում ենք տեղի ունեցածի քաղաքական ենթատեքստը և պատասխանատուներին՝ դրանով իսկ քաղաքականացնելով մեր շուրջ ամեն ինչ:

Այնպես որ, Հայաստանի բարեկեցիկ ապագան մեծ չափով կախված է այդ միջին օղակի համակարգերի՝ համայնքային կառույցների, նախարարությունների, սպասարկման ծառայությունների նորմալ աշխատանքից, որպեսզի մենք ստիպված չլինենք նրանց փոխարեն օրենք կարդալ և իրենց բացատրել, թե ինչպես պետք է իրենց աշխատեն:

Մի քիչ քիչ քաղաքակացնենք, որպեսզի մարդկանց առանց այդ էլ նեղ սրտերում և փոքր հոգիներում տեղ մնա կրթությանը, մշակույթին, խաղերին, երազանքներին և այլ լավ բաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել