Tert.am-ը գրում է.

Թուրքիան գնալով ավելի է մխրճվում Մերձավոր Արևելքի խնդիրների մեջ, և դա վտանգավոր է հենց Թուրքիայի համար, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Թուրքիայի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին, այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Մենք գտնվում ենք լարվածության ուժեղացման սկզբնական փուլերից մեկում, գնալով լարվածության ուժեղացումն ավելի ակնհայտ կդառնա: Պատահական չէ, որ Թուրքիայի ուժեղացող հարվածները Սիրիայում և քրդական հատվածում կապվում են նաև Թուրքիայի ներքին քաղաքական հարցերով»,- ասաց թուրքագետը:

«Օգտագործելով այն հանգամանքը, որ երկրի ներսում Քրդական բանվորական կուսակցությունը բավական ուժ է հավաքել վերջին տարիների ընթացքում, փորձելով այդ ուժը կոտրել, Թուրքիան ուժեղացնում է իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ և իր հակակառավարական գործողություններն է ավելացնում սիրիական հատվածում»,- նկատեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ փորձելով թուլացնել քրդական առաջատար ուժին, Թուրքիան փորձում է հասնել նրան, որ թուլանան Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դիրքերը երկրի ներքաղաքական ներկապնակում: Թուրքիան փորձում է թուլացնել քրդամետ ուժերի դիրքերը՝ փորձելով վախի մթնոլորտ հաստատել երկրում:

Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, թե այդ նպատակն իրականացնելու համար Թուրքիան գնաց համագործակցության ԱՄՆ-ի հետ և ստանում է աջակցություն այդ երկրից:

«Փոխարենն ընդունել է ԱՄՆ-ի պահանջը՝ ներգրավվելու «Իսլամական պետության» դեմ պայքարում: Այսինքն՝ տեղի ունեցավ գործարք, ինչը դարեր շարունակ հատուկ է Թուրքիային: Սա տեղի կունենա նաև մոտակա երկու ամիսների ընթացքում»,-կանխատեսեց թուրքագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել