Կրկին մամուլի հրապարակումներից տեղեկացա, որ ՀՀՇ ղեկավարները նորից հանդիպման են գնացել սպանությունների, բռնությունների ու զանգվածային քաղաքական հալածանքների միջոցով երկրում իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի հետ և, ի թիվս այլ կուսակիցների, նաև իմ անունից նրա հետ քննարկել են «սահմանադրական բարեփոխումների» խնդիրը:

Կրկին ու ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀՇ համագումարը, խորհուրդը կամ վարչությունն իրենց որոշումներով չեն լիազորել Բաղրամյան 26 այցելածներին ներկայացնելու կուսակցության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ, այն պարզ պատճառով, որ չեն քննարկել նման հարց:
ՀՀՇ ղեկավարների նման գործելաոճը կոպտորեն ոտնահարում է կուսակցության անդամների` հարցեր քննարկելու ու որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը և խորը հակասության մեջ է այն սկզբունքների հետ, որոնց շուրջ պայմանավորվել էինք հիմնադիրներով, երբ ընդվզեցինք Հայաստանի նորագույն պատմության մեջ առանցքային դերակատարություն ունեցած այս կուսակցությունը մեկ անձի քմահաճույքով լուծարելու դեմ և վերաբացեցինք այն:
Ստեղծված իրավիճակում, երբ ի հեճուկս առաջին հանդիպման առիթով հրապարակավ հայտնած իմ անհամաձայնության ու բողոքի` ընդդեմ որդեգրված հակաժողովրդավարական գործելաոճի, համառորեն կրկնվում է նույնը, ստիպված եմ հայտարարելու Հայոց համազգային շարժում կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին:

Կարապետ Ռուբինյան
28.08.2015թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել