Tert.am-ը գրում է.

«Հայոց համազգային շարժում» կուսակցության անդամ Կարապետ Ռուբինյանը դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը՝ համարելով, որ երեկ սահմանադրական բարեփոխումները քննարկելու համար ՀՀ Նախագահի հրավերն ընդունած ՀՀՇ ղեկավարների  գործելաոճը կոպտորեն ոտնահարում է կուսակցության անդամների` հարցեր քննարկելու ու որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը և խորը հակասության մեջ է այն սկզբունքների հետ, որոնց շուրջ պայմանավորվել էին հիմնադիրներով, երբ ընդվզացել էին հին ՀՀՇ-ի դեմ ու վերաբացել նորը:

Իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ Կարապետ Ռուբինյանը նշում է, որ մամուլից է տեղեկացել, որ իր կուսակիցները հանդիպել են ՀՀ Նախագահի հետ՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում։

«Կրկին ու ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀՇ համագումարը, խորհուրդը կամ վարչությունը իրենց որոշումներով չեն լիազորել Բաղրամյան 26 այցելածներին ներկայացնելու կուսակցության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ, այն պարզ պատճառով, որ չեն քննարկել նման հարց:

ՀՀՇ ղեկավարների նման գործելաոճը կոպտորեն ոտնահարում է կուսակցության անդամների` հարցեր քննարկելու ու որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը և  խորը հակասության մեջ է այն սկզբունքների հետ, որոնց շուրջ պայմանավորվել էինք հիմնադիրներով, երբ ընդվզեինք Հայաստանի նորագույն պատմության մեջ առանցքային դերակատարություն ունեցած այս կուսակցությունը մեկ անձի քմահաճույքով լուծարելու դեմ և  վերաբացեցինք այն:

Ստեղծված իրավիճակում, երբ ի հեճուկս առաջին հանդիպման առիթով հրապարակավ հայտնած իմ անհամաձայնության ու բողոքի` ընդդեմ որդեգրված հակաժողովրդավարական գործելաոճի, համառորեն կրկնվում է նույնը, ստիպված եմ հայտարարելու Հայոց համազգային շարժում կուսակցությանը իմ անդամակցությունը դադարեցնելու մասին»,– իր գրառման մեջ նշել է Կարապետ  Ռուբինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել