Սրանից մի 1-2 տարի առաջ մասնակցում էի «Ազատ գոտուն», որտեղ թեման աղանդներն էին, ու, բնականաբար, աղանդների պաշտպանի դիրքերում տարատեսակ «փորձագետներ» ու իրավապաշտպաններ էին: Մասնավորապես այնտեղ էր Սաքունցը, լավ ընկեր Իշխանյանը, ով հատկապես բուռն էր հանդես գալիս ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներում ՀԱԵ հոգևոր սպասավորների առկայության դեմ:

Դրանից էլ ավելի վաղ ահագին խոսակցություններ եղան անկախության 20-ամյակի ռազմական շքերթից հետո, որին, ինչպես հիշում եք, մասնակցում էր նաև ռազմական սարկավագների շարասյունը:

Իմ կարծիքով՝ իր հայտնի ու տխուր ողջ անարդյունավետությամբ հանդերձ՝ ՀՀ բանակի հետ սերտ համագործակցությունը Հայ առաքելական եկեղեցու եզակի արդյունավետ և դրական քայլերից էր, որը ոչ միայն գովելի է, այլև ենթակա է ընդլայնման՝ հետագայում բոլոր զորամասերում հոգևորական ունենալու հեռանկարով:

Ահա մի քանի պատճառ, թե ինչու եմ ես այդպես համարում.

- Հոգևորականի առկայությունը դրական է ազդում զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա, հատկապես՝ սթրեսային իրավիճակներում: Ու դա ոչ միայն մեր բանակի փորձն է հուշում, այլ համաշխարհային ռազմական փորձը: Բազմաթիվ են դրվագները պատերազմների պատմություններում, երբ կրիտիկական իրավիճակներում զինվորների ոգին բարձրացրել են նրանց կից գործող հոգևորականները՝ մոտիվացնելով անել այնպիսի բաներ, որոնք անհավանական էին թվում: Նույնիսկ խորհրդային բանակում, որտեղ զորքերի քաջալերումն ու գաղափարական նակաչկան դրված էր «կոմիսարների» ուսերին, Հայրենականի տարիներին լայնորեն ներգրավում էին «ազգերի օփիումի» ծառաներին, իսկ Ստալինի հատուկ կարգադրություններով կտրուկ դադարեցին հետապնդել հոգևորականությանը ու նույնիսկ վերականգնեցին Ռուս ուղղափառ ու այլ ավանդական եկեղեցիների իրավունքները:

- Հոգևորականն ինչ-որ առումով փոխարինում է ռազմական հոգեբանին: Հայկական բանակում դեռ առնվազն որոշ ժամանակ չի կարողանալու լրիվ արդյունավետությամբ գործել ռազմական հոգեբանի ինստիտուտը: Այն պարզ պատճառով, որ զորամասում գործող ռազմական հոգեբանի մեջ զինվորն ավելի շուտ հակված է սպա տեսնելու, քան հոգեբանի: Հետևաբար բացակայում է վստահությունը, հետևաբար բացակայում է անկեղծությունը, ու չի կարող ստեղծվել ռապորտ պացիենտի ու հոգեբանի միջև: Փոխարենը, հոգեբանի որոշ պրոֆիլակտիկ գործառույթներ իրենց ուսերին են կրում զորամասերին կցված հոգևորականները, ովքեր զրույցների ու անհատական մոտեցման միջոցով հաճախ մեղմում են կոնֆլիկտածին իրավիճակները և օգնում են անհատ զինվորներին հաղթահարել ինչ-ինչ սթրեսային իրավիճակներ:

- Բանակը, բացի երկրի պաշտպանական համակարգ լինելուց, նաև կրթական համակարգ է, որտեղ պատանին սովորում է լինել տղամարդ, բնակիչը՝ քաղաքացի, իսկ հոգևորականության առկայության դեպքում նաև ֆորմալ քրիստոնյան ավելի է մոտենում իրական քրիստոնյա լինելու մինիմալ չափորոշիչներին: Էսօր ում հարցնես՝ քրիստոնյա ա, ու մեծամասամբ ասում են՝ ՀԱԵ-ից: Մեծամասնությունն էլ կնքված է: Բայց որ մի քիչ «թափ տաս», կհասկանաս, որ մենակ վերնագրով են այդպիսին ու չունեն նույնիսկ մինիմալ գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են քրիստոնյային, թեև շատ դեպքերում անկեղծ ձիրք ունեն ու հավատ:

- Ու վերջապես հարցի սիմվոլիկ կողմի մասին: Թե՛ սահմանադրությամբ, թե՛ դե ֆակտո, այս երկու ինստիտուտները՝ Բանակ ու Եկեղեցի, հանդիսանում են Հայաստանի պետականության ու հայ ազգի ինքնուրույն և ինքնաբավ ինքնագիտակցության երկու հիմնական հենասյուները, և շատ մեծ ու դրական սիմվոլիզմ կա այդ երկու ինստիտուտների նման միահյուսման մեջ՝ հանուն մեկ գերնպատակի: Նման պրակտիկայի հարատևության ու առողջ իրացման դեպքում սա էլ ավելի «կուղղի մեր ողնաշարը» դարերով «կզած» ու նվաստացված լինելուց հետո:

Դուք դեռ կարծում եք, որ հոգևորականները բանակում պետք չե՞ն: Ուրեմն ճիշտ չեք կարծում, կամ էլ թշնամանք եք զգում եկեղեցու ու քրիստոնեության հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել