Արցախի Հանրապետության հռչակման օրը` սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում կկայանա «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցման բաժնի փոխանցմամբ՝ ծրագիրը հասանելի կլինի 500-1000 ուսանողների, որոնցից յուրաքանչյուրը «Թումո» կհաճախի շաբաթական երկու օր ու կսովորի կենտրոնի չորս հիմնական ոլորտների` անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման ու խաղորի ստեղծման հիմունքները: Ուսանողները նաև կստանան 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, որոնք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն:

Ստեփանակերտի կենտրոնում ուսանողների գրանցումը կմեկնարկի սեպտեմբերի 14-ից, իսկ հոկտեմբերից գրացված ուսանողները կսկսեն ուսումը:

Արցախում «Թումոյի» նախագիծն իրականացվել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի և «Հայկական ընդհանուր բարեգործական հիմնադրամի» համագործակցությամբ: Միջոցառմանը ներկա կլինի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի ղեկավար Սեմ Սիմոնյանը և ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար Վազգեն Յակուբյանը:

ՀԲԸՄ-ն ֆինանսավորելու է կենտրոնի բոլոր գործառնական ծախսերը, ինչպես նաև կենտրոնի մեկնարկային ծախսերը՝ ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության շրջանակներում, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը տրամադրում է տարածք Ստեփանակերտի կենտրոնական հատվածում գտնվող պատմական շենքում: Շինության վերանորոգումն իրականացվել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության նվիրատվության շնորհիվ:

«Թումոն» անվճար արտադպրոցական ծրագիր է, որի առաջին կենտրոնը բացվել է Երևանում 2011-ին, երկրորդը` Դիլիջանում` 2013-ին: ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցությամբ 2015-ի մայիսին բացվեց Գյումրիի «Թումո» կենտրոնը: Համագործակցությունը միտում ունի տարածել «Թումոն» Հայաստանի տարբեր քաղաքներով և Հայաստանի սահմաններից դուրս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել