Tert.am-ը գրում է.

Շիրակի մարզում այս տարի սեպտեմբերի 1-ին առաջին դասարան կգնա 3280 աշակերտ, որը նախորդ տարվանից 61-ով ավելին է. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը:

Նա վերջին չորս տարիների դինամիկան է ներկայացնում և նշում, որ երեխաների թվի աճ է գրանցվում: 

 Ըստ նրա՝ 2012 թվին ունեցել են 2849 առաջին դասարանցի, 13-ին՝ 3039, 14-ին՝ 3219, որը ի դեպ, շուրջ 200-ով ավելին էր և այս տարվա նախնական հաշվարկներով՝ 3280:

Սահակ Մինասյանը նշեց, թե մարզում սեպտեմբերին առաջին դասարանցի չի ունենա թվով 5 համայնքներ, իսկ թե որոնք են՝ չի կարող նշել:

«Ունենք  սակավաբնակ համայնքներ, որտեղ դպրոցներում կա 25 աշակերտ, դրանց մի մասին՝ ավագներին, արդեն 7-8 տարի տեղափոխում ենք հարևան գյուղի դպրոցներ: Հիմա ծնողը մտածում է միանգամից ուղարկել այնտեղ, կամ գյուղը համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում է: Մի գյուղ կա, որ երեխաներ չեն գնա դպրոց, մյուսում էլ ավելացել է, օրինակ Սառնաղբյուրում,  այս տարի միջին հաշվով 12 երեխա ավելի է ծնվել»,-ասաց նա:

 Սահակ Մինասյանը նշեց, թե իհարկե արտագաղթ կա, խնդիրներ կան, բայց չի կարելի ամեն ինչ սևով ներկայացնել: «Ընդհանրապես արտագաղթ հասկացությունը վատ եմ ընդունում, ես կոնկրետ ամեն ինչ անում եմ՝ սատարեմ դրա նվազմանը, բայց ընդհանուր մենք փակ երկիր ենք եղել, և նոր են բացում: Մի լավ ֆուտբոլիստ էլ գնա, կասեն արտագաղթել է: Կա, չեմ ժխտում, ամբողջ աշխարհն է աշխարհաքաղաքական զարգացումների մեջ հայտնվել և ունի սոցիալական խնդիրներ, այն էլ ինչպիսի, ինչ մնաց մենք՝ փոքր երկիր, չունենանք»,-ասաց նա:

Վարչության պետը նկատել է, թե երբ մեր մոտ ամեն ինչ սկսեց այլ կերպ ընկալվել: «Երբ սկսեցինք Կիկոսի մահը կարդալ: Եթե-ները եթե մի քիչ քիչ ասենք, լավատեսությամբ զինվենք, ամեն ինչ լավ է լինելու»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել