Նոյեմբերի 25-ին Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է, նա կդառնար 55 տարեկան:

Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը:

«Անունս Մոնթե է: Ծնվել եմ 1957 թվականի նոյեմբերի 25-ին` Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում: Ընտանիքի 3-րդ երեխան էի: Մորս ծնողները Արևմտյան Հայաստանից Ֆրեզնո տեղափոխված առաջին հայերից էին: Մորական պապս Ամերիկա եկավ, քանի որ թուրքերը բացահայտեցին ազատագրական այն գաղտնի խմբակը, որի անդամն էր պապս: Դպրոցական տարիներս շատ աշխույժ անցան. բեյսբոլ էի խաղում, կլարնետ նվագում, աշակերտների խորհրդի նախագահ էի: 15 տարեկանում դպրոցական փոխանակման ծրագիրն ինձ հասցրեց Ճապոնիա: Այստեղ մի տարի ուսանեցի ճապոներեն ու ռազմարվեստ:
Հետո ճակատագիրն ինձ տարավ Վիետնամ, որտեղ նոր-նոր էր սկսվում ազատագրական շարժումը: Վերադառնալով ԱՄՆ՝ ստացա բարձրագույն կրթություն: 78-ին մասնակցեցի Հայոց ցեղասպանության 65-րդ տարելիցին նվիրված միջոցառումերի կազմակերպմանը: Ուսումս ավարտելուց հետո որոշ ժամանակ հանգրվանեցի Իրանում, ապա տեղափոխվեցի Բեյրութ:
Այստեղ ծանոթացա ապագա կնոջս` Սեդայի հետ: Հաջորդ 2 տարիների ընթացքում մասնակցեցի Լիբանանում ընթացող քաղաքացիական կռիվներին: 80 թվականի գարնանը դարձա ԱՍԱԼԱ-ի մարտիկ: Մասնակցեցի ԱՍԱԼԱ-ի մի շարք գործողությունների, որոնցից ամենահայտնին «ՎԱՆ» գործողությունն էր, երբ մի քանի տղաներով ներխուժել էինք Փարիզում գտնվող թուրքական դեսպանատուն: Ապա սկսվեց անվերջ ձերբակալությունների մի շրջան: Ի վերջո, բազմաթիվ բանտերից ազատվելով, 91-ին եկա Հայաստան: Հայաստանն այդ ժամանակ ահավոր վիճակում էր… երկրին տիրել էր շովինիզմը: Հասկանալով, որ չեմ կարող ոչինչ փոխել նյութապաշտության մեջ գտնվող Երևանում, ուժերս ուղղեցի դեպի Արցախ: Արցախից էր կախված ամբողջ Հայաստանի ապագան: Տեղափոխվեցի Արցախ: 91-ի վերջում անցա Շահումյանի շրջան ու 3 ամիս կռվեցի այնտեղ: Հետո հասկացա, որ էս արցախյան գոյամարտի ամենաճակատագրական ժամանակահատվածն էր: Հետո արդեն կռվեցի Քելբաջարում, տեղափոխվեցի Մարտունու շրջան:
93-ի հունիսի 12-ն էր: Կեսօր: Մոնթեի տղերքը կռվում էին Ֆերզուլի գյուղի մոտ: Մարտական ընկերոջ` Կոմիտասի հետ մեքենայով շտապում էր հասնել ընկերներին: Հեռվում մի զրահամեքենա երևաց: Նրանց թվաց, թե հայերն են, բայց ըստ վարկածների՝ թուրքերն էին…» 

Կապրենք... ու երբ էլ չենք լինի մենք,
Մեր երգը կապրի սերնդեսերունդ.
Կապրի ... ու կը յիշեն նրանք մեզ,
Եւ ժպիտը կը յորդի նրանց շուրթերից,
Իսկ թէ չլինի ժպիտն էլ նույնիսկ,
Թող արցունքը չհոսի նրանց աչքերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել