1945 թվական, մայիս: Կարմիր բանակը, ջախջախելով գերմանացիների դիմադրությունը, վերջնականապես տիրացավ քաղաքին, ու սկսեցին հավաքել փողոցներում ու տներում հավաքված դիակները՝ յուրայինների, հակառակորդների ու քաղաքացիների: Ու որքան մեծ էր խորհրդային զինծառայողների զարմանքը, երբ Ադոլֆ Հիտլերի շտաբի մոտ տեղի ունեցած արյունահեղ մարտերից հետո սկսեցին հայտնաբերել ՍՍ-ականների (նացիստական ստորաբաժանում) հարյուրավոր դիակներ, որոնք ամենևին էլ չէին համապատասխանում արիացու հիտլերյան պատկերացումներին, իսկ ավելի կոնկրետ՝ դրանք արիացի չէին էլ կարող լինել, որովհետև մաքուր ասիացիներ էին: Ինչպես հետագայում պարզվեց՝ Հիտլերի գվարդիայի ամենամեծ նվիրվածություն ցուցաբերող մասը բաղկացած էր տիբեթցիներից…

Եվ այսպես, ի՞նչ գործ ունեին տիբեթցիները Բեռլինում, ու ի՞նչ հետաքրքրություն էր ներկայացնում Տիբեթը նացիստների համար:

Տիբեթը մոլորակի ամենաառեղծվածային վայրերից մեկն է: Շատերը հավատում են, որ այն մարդկության բնօրրանն է, ու այնտեղ է գտնվում կիսաստվածների գաղտնի երկիրը՝ Շամբալան, որն աշխարհի իմաստության աղբյուրն է: Առ այսօր Հիմալայներում թաքնված այս գողտրիկ անկյունը դեպի իրեն է ձգում տարբեր գիտնականների, գրողների ու արկածախնդիրների ուշադրությունը, ովքեր մեկնում են այնտեղ՝ գաղտնի գիտելիքներ ձեռք բերելու ակնկալիքով, որոնք կարող են ծառայել ինչպես համընդհանուր բարօրությանը, այնպես էլ մեծ ողբերգություններ բերել, ինչպես դա եղավ 1930-ականներին, երբ Լհասայի պահապանները բացեցին իրենց գրադարանները Նացիստական Գերմանիայի էմիսարների առջև:

Հիտլերի մանկությունն ու երիտասարդ տարիները

Անհնար է հասկանալ հետևանքները՝ չիմանալով պատճառների մասին: Հենց Տիբեթի նկատմամբ տածած հետաքրքրությունն ընկավ նացիզմի վայրի ու հակամարդկային փիլիսոփայութան հիմքում, բայց սկզբնապատճառը պետք է փնտրել այդ փիլիսոփայությունը ստեղծողի՝ Հիտլերի անձնական պատմության մեջ:

Նա ծնվել ու մեծացել է ատելության ու բռնության մթնոլորտում: Նրա հարբեցող հայրը մշտապես ծեծում էր Հիտլերի մորն ու երեխաներին, բայց այսքանով հանդերձ՝ Ադոլֆը շատ լավ էր սովորում, թեև այդպես էլ չկարողացավ լավ կրթություն ստանալ: Չդիմանալով բռնություններին՝ նա փախավ տնից ու սկսեց թափառաշրջիկությամբ զբաղվել: Դպրոցում նա տարված էր գերմանական պատմությունով ու ցանկանում էր ընդունվել Վենայի գեղարվեստի ակադեմիա, սակայն նրա տաղանդը չհերիքեց:
Առաջին աշխարհամարտի սկսվելուն պես նա հենց առաջին օրերից որպես կամավոր մեկնեց ռազմաճակատ ու, Արևմտյան ճակատում մասնակցելով 47 ճակատամարտերի, դրսևորեց իրեն որպես մեծ խիզախ: Այնտեղ նա երկու անգամ վիրավորվեց, 3 ամիս պառկեց հիվանդանոցում՝ թունավոր գազերից թունավորվելով: Պատերազմի տարիներին նա պարգևատրվել է 1-ին և 2-րդ աստիճանի Երկաթյա խաչերով, ինչը խիստ հազվադեպ է շարքային զինվորի համար:

1923 թվականի «Գարեջրային պուտչով» Հիտլերը ներխուժեց քաղաքականության ասպարեզ, ինչի համար նրան դատապարտեցին 5 տարի ազատազրկման, ու նա ստիպված էր 9 ամիս անցկացնել Լանդսբերգի բանտում: Այդ 9 ամիսները որոշիչ են Հիտլերի հետ հետագայում կատարված դեպքերը հասկանալու համար: Հիտլերի վրա ուշադրություն դարձրեցին հզոր ուժեր, ու նա իր դատավարությունը վերածեց իսկական գովազդային արշավի, որի արդյունքում դարձավ իսկական ազգային հերոս, իսկ բանտում անցկացրած ամիսները նման էին հանգստավայրում անցկացրած հաճելի ժամանակի: Հիտլերը կարող էր զբոսնել որքան կամենար ու հյուրեր ընդունել: Նրա հյուրերի թվում էր նաև ակադեմիկոս ու Վերմախտի գեներալ Կարլ Հաուսհոֆերը, ով Գերմանիայի ապագա տիրակալին սովորեցնում էր կրոնական փիլիսոփայություն ու հաղորդակից էր դարձնում Արևելքի իմաստնություններին:

Հոգևոր ուսուցիչը

Հաուսհոֆերը մոլի ազգայնական էր, ով կոչ էր անում գաղութացնել Կենտրոնական Ասիան ու հատապես Տիբեթը, որտեղ, ըստ նրա, Հիտլերը կկարողանար միստիկ և ուղղակի կապ հաստատել անհայտ աստծո հետ: Հենց այս մարդու ազդեցության ներքո Հիտլերի մոտ սոցիալական դարվինիզմը միախառնվեց կրոնական փիլիսոփայության հետ, հինդուիստական վեդաներն էլ՝ ռասայական-մարդաբանական դպրոցի հիմնադիր Գոբինոյի մտքերի հետ: Արդյունքում բատից դուրս եկավ լրիվ նոր Հիտլեր, ով հավատում էր, որ պետք է դաշինք կնքի «Աշխարհի տիրակալի» կամ էլ «Սարսափի արքայի» հետ, ով իշխում է Տիբեթում գտնվող գաղտնի քաղաքում: Հենց այնտեղ էլ, ըստ Հիտլերի, գտնվում էր գիգանտների՝ գերմարդկանց վերջին քաղաքակրթությունը:

aram

Հիտլերի հիվանդագին հետաքրքրությունը Տիբեթի մտացածին ու իրական գաղտնիքների նկատմամբ թեժացնում էին նաև Տիբեթի լամաները, ովքեր ամրապնդվել էին Բեռլինում ու Մյունխենում՝ շնորհիվ նույն Հաուսհոֆերի: Ի դեմս Գերմանիայի՝ նրա ցանկանում էր գտնել դաշնակցի՝ ընդդեմ անգլիացի ու չինացի նվաճողների: Հիտլերի վստահությունը տիբեթցիների նկատմամբ գրեթե անսահման էր, ու դրա մասին վկայում է թեկուզ այն փաստը, որ նրա շտաբի հսկողությունը վստահված էր ՍՍ-ի հատուկ ստորաբաժանման, որի մարտիկները տիբեթցիներ էին:

Նրանց համազգեստը չուներ տարբերանշաններ, բայց նրանք ունեին աննախադեպ բարձր կարգավիճակ զինված ուժերում: Ի դեպ, այն կարմիրբանակայինները, ովքեր մասնակցել էին այս ստորաբաժանման դեմ մղված մարտերին, վկայում էին, որ տիբեթցիները մարտնչում էին անձնուրաց կերպով՝ մինչև վերջին փամփուշտը, չէին հանձնվում գերության, իսկ իրենց վիրավորներին գնդակահարում էին, որպեսզի վերջիններս գերի չընկնեն անգիտակից վիճակում:

Հիտլերի միֆերը

Տիբեթյան լամաների ու իր գերմանացի ուսուցիչների հետ շփման հետևանքով Հիտլերը սկսեց հավատալ, որ հեռավոր հյուսիսում գոյություն ունի Արկտոգեյա հսկայական կղզին, որտեղ ապրում էին մարդիկ՝ առաջին դրական խմբի արյունով: Դրանք իսկական արիացիներն էին, ովքեր Արևի, բանականության, կարգուկանոնի, հավասարակշռված բնազդների ու իրական հավատի կրողներն էին, որը ստացել էին Աստծո որդուց: Այստեղ իբր ծագել էր նապալեզուն: Արկտոգեյան սկզբում սառել էր, իսկ հետո խորտակվել, ուստի արիացիները ստիպված էին շարժվել դեպի հարավ: Առաջին ալիքը հանգրվանել էր Եվրոպայում ու Իրանում ու շարունակել էր շարժվել դեպի արևելք՝ հասնելով Չինաստան ու Ճապոնիա: Հյուսիսից եկած արիացիներն իրական հավատին էին ծանոթացրել շումերներին, իսկ դրա այլասերված տարբերակը վերցրեցին հուդայականները, որոնցից էլ քրիստոնյաները վերցրեցին Աստվածաշունչը:

Հիտլերի աշխարհակալական հայացքները վերջնականապես ձևավորվեցին Հանս Գորբիգերի ազդեցության ներքո, ով «Վելի»՝ «Մշտնջենական սառույցի» տեսությունն էր մշակել: Նա պնդում էր, որ չկա հասարակության երկարաժամկետ շարունակական վերելք, այլ գոոյություն ունի հասարակության վերելքների ու անկումների սերիա: Գորբիգերը հավատում էր, որ հազարավոր ու նույնիսկ միլիոնավոր տարիներ առաջ հազարավոր քաղաքակրթություններ են գոյություն ունեցել, որտեղ մարդ-աստվածներ ու գիգանտներ են ապրել, ու հավատում էր, որ մենք կրկին կդառնանք այդպիսին՝ անցնելով կատակլիզմների, սելեկցիայի ու մուտացիաների միջով: Հենց նրա աշխատությունների ազդեցության ներքո Հիտլերը գիտակցեց իր «կոչումը»՝ պետք է իրականացնել կենսաբանական մուտացիաներ, որպեսզի ստեղծվի հերոս-կիսաստվածների ռասա:

Հենց «Վել» տեսությունը դարձավ 1933 թվականին ստեղծված «Անեներբե» (գերմանական միություն, որն ուսումնասիրում էր հին գերմանական պատմությունն ու նախնիների ժառանգությունը) գիտական միության գաղափարական հենքը: 1937 թվականին այս միությունն ինտեգրեցին ՍՍ-ի կազմի մեջ՝ որպես առանձին բաժին, որին ենթարկվում էին 50 ինստիտուտներ, որոնցում աշխատում էին նացիստական հայացքներ կրող գիտնականներ: Դրա գլխավոր նպատակն էր հաստատել ռասայական տեսությունները: Հենց այս կազմակերպության մասնակցությամբ էլ կազմակերպվեցին գերմանական արշավանքները Տիբեթ, որոնք նպատակ էին հետապնդում գտնել արիական հոգևոր անցյալի արմատները, Շամբալայի հետքերն ու հաստատել գիգանտների գոյությունը:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել