g_imageGalatv.am-ը գրում է.

Օգոստոսի 27-ին Հայաստանում Բելառուսի Հանրապետության նորանշանակ դեսպան Իգոր Նազարուկը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորեց նրան Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դեսպան Իգոր Նազարուկն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելառուսական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրեց, որ երկու երկրների միջև առկա համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու համար առավելագույն ջանքերը կներդնի։ Դեսպան Նազարուկը Հայաստանի արտգործնախարարին փոխանցեց Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի ողջույններն ու բարեմաղթանքները։

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Նազարուկը քննարկեցին առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը։ Երկուստեք կարևորեց այդ ուղղությամբ հավելյալ ջանքերի գործադրումը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին և միջխորհրդարանական կապերին։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵՏՄ շրջանակներում հայ-բելառուսական համագործակցության վերաբերյալ: Անդրադարձ եղավ նաև արտգործնախարարությունների միջև համագործակցությանը, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության հարցերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել