Tert.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանությունը մեկամյսա ծառայություն կիրականացնի բոլոր այն դպրոցների մոտ, որոնք գտնվում են ինտենսիվ երթևեկություն ունեցող փողոցների կողքին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը՝ նշելով, որ աշակերտների անվտանգություն ապահովելը միայն ոստիկանության, ծնողների ու ուսուցիչների գործը չէ, այլ բոլորինը։

«Բոլորիս ջանքերով պետք է հասնենք արդյունքի, ինչի համար կոչ եմ անում մանկավարժներին հենց առաջին իսկ օրից սովորեցնել երթևեկության կանոնները, նույնիսկ առաջին դասարանցիների մեջ պետք է սերմանել ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու կարևորությունը, վարորդներին էլ կոչ եմ անում մեքենաները վարել սթափ վիճակում և լինել ավելի ուշադիր»,-ասաց նա։

Նորիկ Սարգսյանն ասաց, որ հաճախ հենց վարորդների շտապողականության պատճառով են գրանցվում վրաերթեր, ինչպես Էրեբունիում պատահեց նախորդ տարվա սեպտեմբերի 2–ին, երբ աշակերտներից մեկին վրաերթի էր ենթարկել տաքսին։

Նորիկ Սարգսյանը նաև հորդորեց մեքենայով երեխաներին դպրոց տանող ծնողներին՝ փողոցներում երկար չկայանել մեքենան, երեխային իջեցնելուց հետո անմիջապես հեռանալ փողոցից։

«Հակառակ դեպքում նրանք գործ կունենա Ճանապարհային ոստիկանության հետ, որոնք կկիրառեն ամենախիստ պատժամիջոցները։ Այս ամենը արվում է մեր բոլորի անվտանգության համար»,- ասաց նա։

Նորիկ Սարգսյանը նաև նշեց, որ ոստիկանությունը միայն մեկամսյակով չի բավարարվելու և շարունակելու է ծառայությունը ինտենսիվ երթևեկություն ունեցող փողոցների կողքին գտնվող դպրոցների տարածքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել