Այս մոլորակի վրա ոչ լեգիտիմ իշխանությունը շատ խոր արմատներ ունի:

Այդպիսի քարացած մի արտահայտություն կա, որին դժվար է դիպչել – «Հայր Աստված» – ասել է թե` Արարիչը հաստատ տղամարդ է… Բայց առողջ տրամաբանությունը հուշում է, որ Նրա մեջ կա նաև Կանացի Սկիզբ – առանց կնոջ անհնար է կյանք ստեղծել, տուն ու տեղ դնել – եթե նույնիսկ դու աստված ես… Եվ որքա՜ն մեծ էր իմացական հաճույքս, երբ վերջերս գրականության մեջ նկատեցի, որ Բարձրագույն Էությունը կոչում են Հայր/Մայր Աստված… Սա շատ կարևոր շտկում է... Քիչ է, թե Երկիր մոլորակի վրա տղամարդը ճնշել է կնոջը և վերցրել է իշխանությունը, «Հայր Աստված» արտահայտությամբ նա իր իշխանությունը օրինականացնում է – այսպես ասած` լեգիտիմ է դարձնում…

Եվ այսպես, «Հայր Աստված» արտահայտությունը ոչ այնքան լեգիտիմ է…
Տղամարդու ուռճացված իշխանությունը Երկիր մոլորակի վրա լեգիտիմ չէ…
Տղամարդու իշխանությունը տղամարդ-կին զույգի մեջ և ընտանիքում լեգիտիմ չէ…

Ես ու սիրելի Առողջագետս շատ երկար ու ծանր ճանապարհ ենք անցել` իմ ոչ լեգիտիմ իշխանության պայմաններում: Նա իր քնքշությամբ, անհուն համբերությամբ և աշխատանքով կարծես թե «տապալել» է իմ բռնակալական իշխանությունը… «Տապալելը» չակերտների մեջ եմ առնում, որովհետև որևէ բռնակալություն լուծվում-վերջանում է միայն Սիրո միջոցով: Ճիշտ է, մեկ-մեկ տղամարդկային գենիս հանցավոր պարույրները ռեցիդիվ են տալիս, բայց Սիրելուս քնքուշ արևի տակ հալվում են, վերանում… 

Դե ինչ, ընթերցողս, մաղթանքս բնական է հնչելու – քեզ լեգիտիմ կյանք եմ ցանկանում… Եվ լեգիտիմ իշխանություն - ամենուր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել