Tert.am-ը գրում է.

Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների լուծման համար կոնկրետ կրթության ոլորտում էական քայլ է արվել՝ կարևորելով բոլոր երեխաների սովորելու իրավունքը. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Սուսաննա Թադևոսյանը:

«Ներառական կրթությունը ճանաչեց երեխային որպես լիիրավ սովորող և կրթական գործընթացն ավելի մատչելի դարձրեց»,-ասաց նա և հիշեցրեց, որ ըստ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության՝ մինչև 2025թ-ը անցում է կատարվում համընդհանուր ներառական կրթության:

Սուսաննա Թադևոսյանը նշեց, որ հանրապետությունում կան 8000-ից ավելի  հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնք պարբերաբար բախվում են հասարակությունում առկա տարբեր խնդիրների՝ շփման, տեղաշարժման, կրթություն և ծառայություններ ստանալու առումով, իսկ դրանցից, ըստ նրա, կարևորագույն արգելքը հասարակության վերաբերմունքն է: 

ՀԿ նախագահի խոսքով՝ տարիների ընթացքում խնդրի նկատմամբ վերաբերմունքն էապես փոխվել է, ինչը պայմանավորված է այդ խնդրով ՀԿ-ների թվի բավական աճով, հենց հաշմանդամություն ունեցող ծնողների, երեխաների մասնակցությամբ: Կարևոր դեր ունեցան նաև ԶԼՄ-ները: 

«Ներառական կրթությունն իսկապես բեկում բերեց այդ վերաբերմունքի մեջ: Հասարակությունն իր մեջ տեսավ խնդիրը և լուծումները, որ վերաբերմունքը, միջավայրի փոփոխությունը կարող է փոխել իրավիճակը»,- ասաց նա:

Որոշակի չափով պահպանված այն կարծրատիպերը, թե հաշմանդամություն ունեցող երեխաները խոչընդոտում են ոչ հաշմանդամություն ունեցող երեխաների ուսման բնականոն գործընթացին՝ Սուսաննա Թադևոսյանը դեռևս առկա կարծրատիպերի և սխալ պատկերցումների հետևանք է համարում:

«Փորձը ցույց է տալիս, որ սովորելը որևէ ձև չի խոչընդոտել հաշմանդամություն չունեցող երեխաների կրթությանը, և կասեի ընդհակառակը, հարկավոր է գնալ դպրոցներ, խոսել երեխանների, ուսուցիչների հետ, կասեն, որ դրական առումով մթնոլորտը փոխվել է, բարիացել են, երեխաները սովորում են միմյանց աջակցել, օգնել և այդ իրավիճակում զարգանում են բոլորը»,- ասաց նա:

Սուսաննա Թադևոսյանը նշեց, որ ներառական կրթության ապահովումը 2002թ-ից է սկսել: «Առաջին քայլերը և գնահատումը ցույց տվեց, որ սա լավագույն ճանապարհն է, առաջին հերթին ոչ միայն հաշմանդամություն ունեցող, այլ նաև հաշմանդամություն չունեցող երեխաների համար»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել