Tert.am-ը գրում է.

Ամերիկահայ դասախոս Մարկ Մուղալյանը, որը պայքարի էր բռնվել ֆրանսական գնացքի վրա հարձակված ահաբեկչի հետ ու վիրավորվել, իր առաջին հարցազրույցն է տվել Paris Match-ին` հենց հիվանդանոցի իր մահճակալից:

51-ամյա Մուղալյանը մանրամասներ է ներկայացրել ահաբեկչական գործողությունից, որը կանխել էր:

Ըստ այդմ` Մուղալյանը ճամփորդելիս է եղել իր կնոջ` ֆրանսուհի Իզաբել Ռիսաշերի հետ: Նախքան հարձակումը նա նկատել է, որ ահաբեկիչ Խազանին «իրեն տարօրինակ է պահում» զուգարանի մոտ: Նա նկատել է, որ ահաբեկչի հետ փորձում է պայքարել մի մարդ և օգնության է հասել նրան:

Օգնության հասած Մուղալյանը կարողացել է ահաբեկչի ձեռքից խլել Կալաշնիկովը: Զենքը ձեռքին Մուղալյանը այնուհետև վազել է դեպի իր կինը, սակայն Խազանին այլ զենք էլ է ունեցել ու թիկունքից խփել է դասախոսին:

Վիրավոր Մուղալյանը շատ արյուն է կորցրել, իսկ ահաբեկիչը հետ է վերցրել զենքը: Այդ ժամանակ դասախոսը մեռած է ձևացել` բացատրելով, որ այլապես իր վերջը կտային:

Ավելի վաղ Մուղալյանի կինը ԶԼՄ-ներին ասել էր, որ ամուսինը քիչ է մնացել կյանքով վարձահատույց լինի իր խիզախության համար. փամփուշտը խոցել էր նրա քներակը:

Մուղալյանը ամերիկահայ է` Վիրգինիայից, դասավանդում է Սորբոնի համալսարանում: Ցուցաբերած խիզախության համար նա նախօրեին արժանացել էր Ֆրանսիայի բարձրագույն պարգևին, որ տրվում է արտասահմանցիներին` Պատվո Լեգեոնի շքանշանին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել