Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների մոտեցումներն ու հավաքական ձևակերպումները կարևոր են, որպեսզի ունենանք լիարժեք, հնարավորինս լայն համաձայնություն վայելող փաստաթուղթ:

Ըստ նրա, բովանդակային քննարկումների փուլն սկսվել է, որն ավելի ընդլայնված ձևաչափերով կլինեն: Զաքարյանը նշեց, որ առաջիկայում կլինեն խորհրդարանական լսումներ, որտեղ ևս հանրության ակտիվ շահերը ներկայացնող կազմակերպություններն իրենց դիրքորոշումները կներկայացնեն: 

«Ժողովրդավարությունն անընդհատ պահանջում է խնամք, և որևէ մի երկիր չի կարող ասել, որ հասել է լիարժեք ժողովրդավարության, հետևաբար, իրավական, քաղաքական համակարգի հավասարակշռված կիրառումը պետական և հանրային կյանքում շատ կարևոր է, որ խոսենք ժողովրդավարական ինստիտուտների մասին»,-ասաց նա և հավելեց, որ համաժողովրդական համաձայնության արդյունքով պետք է ընդունվի նոր Սահմանադրությունը, որը վստահաբար ծառայելու է բոլորի շահերին:

Հարցին, թե Հայաստանը լինելով ԵՏՄ անդամ, ինչու է ավելի շատ ուշադրություն սևեռում  Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, և արդյոք կարծիք հարցրել են նույն բարեփոխումների հարցով Ռուսաստանից կամ Ղազախստանից, Արտակ Զաքարյանը նշեց, որ նախ իրենց առաջին հերթին հետաքրքրում է ՀՀ քաղաքացիների և քաղաքական կազմակերպությունների կարծիքը:

«Համաժողովրդական համաձայնության արդյունքով պետք է լինի: Իսկ Վենետիկի հանձնաժողովն ընդունված ավանդույթի համաձայն՝ մասնագիտական հեղինակավոր կազմակերպություն է, որի առաքելությունն է խորհրդատվական գնահատականներ տալը: Հետևաբար, գերակայություն ունեցող օրենքները, Վենետիկի հանձնաժողովի նախաձեռնությամբ ստանում են համապատասխան գնահատականը: Մեր գործընկերները ԵՏՄ-ի կարող են ունենալ իրենց քաղաքական ու դիրքորոշումները, բայց մասնագիտական առումով ավելի նպատակահարմար է ունենալ երկար տարիներ այդ առաքելությունն իրականացնող կազմակերպությունների կարծիքը»,-ասաց նա:

Արտակ Զաքարյանը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների դեմ տեսակետներին, ասաց, որ թե՛ «այո»–ն, թե՛ «ոչ»-ը ինքնանպատակ լինել չի կարող: «Սա մի գործընթաց է, որ ամեն տարի չես իրականացնի, և այն է, որ առավելագույնս լավ մշակված վերջնական արդյունք լինի և համաժողովրդական համաձայնություն ստանա: Ե՛վ «ոչ»-ի տանիքի տակ, և՛ «այո»-ի պետք  է լինեն հիմնավորումներ»,-ասաց նա։

Պատգամավորն ընդգծեց, որ գնալով «ոչ»-ը դառնում է անէական: «Որովհետև անհրաժեշտություն է սահմանադրական բարեփոխումները, կյանքը թելադրում է իր պայմանները և պետք է կարողանանք բավարարել այդ պահանջները: Առողջ հիմնավորումներով ոչ ասողներին, մենք բնականաբար շատ ուշադիր լսում ենք, նրանից որոշների հիմնավորումներ հաշվի են առնված»,- ասաց նա և նշեց, որ կան նաև հայտարարություններ, որտեղ քաղաքական հիմնավորումներ չկան և արտահայտվում են զուտ որպես «կապրիզ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել