Tert.am-ը գրում է.

Քաղաքական այն ուժերը, կուսակցությունները, որոնք արհամարհում են սահմանադրական բարեփոխումները, դրանց հետ կապված գործընթացները, նրանք իսկական քաղաքական գործիչներ չեն, Tert.am–ի հետ զրույցում այս մասին ասաց Վենետիկի հանձնաժողովի անդամ Այվարս Էնձինսը ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերվում այն քաղաքական ուժերին, որոնք ցանկանում են բոյկոտել սահմանադրական բարեփոխումները:

«Բոլոր քաղաքական ուժերը, բոլոր քաղաքական կուսակցությունները, ոչ միայն նրանք, որոնք ներկայացված են խորհրդարանում, ասում են, որ պետք է մասնակցեն այդ գործընթացին և հայտնեն իրենց կարծիքը, որովհետև նրանք հասկացել են, որ բոլոր քաղաքական կուսակցությունների նպատակը պետք է լինի Հայաստանում կայունություն հաստատելը, ավելի լավ կենսամակարդակ ապահովելը և այլն: Ուստի, եթե արհամարհես, կնշանակի, որ իսկական քաղաքական գործիչ չես»,– ասաց նա։ 

Այվարս Էնձինսը նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նրա տպավորությունն այնպիսին էր, որ նախագահն ինքն էլ ցանկանում և հասկանում, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտություն են։

«Ի տպավորությունն այնպիսին էր, որ Նախագահն ինքն էլ է ցանկանում կայունացնել այս գործընթացը և որ ինքն էլ է հասկանում, որ անհրաժեշտ է փոփոխել Սահմանադրությունը՝ ունենալու համար կայուն երկիր, կայուն կառավարություն, ինչպես նաև ապահովել իշխանությունների տարանջատումը և հաստատել իրավունքի գերակայություն և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ»,– ասաց նա:

Վենետիկի հանձնաժողովի անդամը նաև նշեց, որ իրենց կողմից արված առաջարկություններից որոշ բաներ արդեն փոխվել են։ «Որոշ բաներ փոխված են, սակայն դա վերջնական տարբերակ չէ: Առաջինը՝ ի նկատի ունեմ կոնցեպտի առնչությամբ արված գնահատականը, երկրորդ՝ առաջին երեք գլուխների վերաբերյալ գնահատականը: Հետո մենք ստացանք 5-րդ, 6-րդ 7-րդ և 10-րդ գլուխները. այնուհետև՝  նախագծի վերջնական տարբերակը: Երեկ ստացանք նաև 16-րդ գլուխը, որը ներառում է անցումային դրույթները: Եվ մենք պետք է այս ամենը, ինչպես նաև Սահմանադրության վերջնական տարբերակը միասին վերլուծենք»,– ասաց նա:

Ի պատասխան հարցին, թե արդյոք Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստ է գնալ խորհրդարան՝ բանավեճ ծավալելու սահմանադրական բարեփոխումների շուրջ, Այվարս Էնձինսն ասաց, որ ինքը հասկացել է, որ դա անհրաժեշտ է ցանկացած փուլում և յուրաքանչյուր երկրի համար, այդ թվում նաև՝ Հայաստանի:, որովհետև առանց քննարկումների ու բանավեճերի հնարավոր չէ ծավալել բանավեճեր կամ հասնել համաձայնության:

«Նաև հարկավոր են փոխզիջումներ որոշ հարցերի շուրջ: Հատկապես քաղաքական կայունությանը վերաբերող հարցերի, ինչի մասին ասված է նախագծի 89-րդ հոդվածում: Իմ երկրում՝ Լատվիայում, օրինակ, մինչև 1940թ. գործում էր համամասնական համակարգը, և արդյունքն այն էր, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակներում ներկայացված էին լինում ավելի քան 45-46 թեկնածու, իսկ յուրաքանչյուր կուսակցություն խորհրդարանում ստանում էր 26-ից 27 տեղ»,– ասաց նա:

«Դժվար է, իհարկե, ստեղծել կայուն կառավարման համակարգ և ես հասկանում  եմ՝ ինչու է այդ հարցը տարակարծությունների տեղիք տալիս: Հասկանում եմ նաև, որ դա լավագույն լուծումը չէ: Ուստի խորհուրդ կտայի դիտարկել մեր օրինակը: Անկախացումից հետո, մենք սահմանեցինք որոշակի շեմ և տարբերությունը մոտավորապես այսպիսին էր՝ մեկ կուսակցության համար 1%, երկու կուսակցության համար 2%, կոալիցիայի համար միգուցե՝ 3%: Դա ժողովրդավարացման գործընթաց է: Քաղաքական կուսակցությունների ստեղծումը խնդրահարույց հարց է: Ու ոչ միայն Հայաստանում, այլև՝ իմ երկրում»,– ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել