Հարգելի՛ Parking City Service, ձեր մատուցած ծառայությունն (Երևանի փողոցներում կայանելու հնարավորությունը) արժե տարեկան 12.000 դրամ: Դա ենթադրում է, որ այն մարդիկ, ովքեր վճարել են այս գումարը, կարող են կայանել փողոցի՝ կարմիր գծանշումով առանձնացված մասերում: Եկեք պատկերացնեք մի իրավիճակ: Երևանի բնակիչներից մեկն ապրում է ք. Երևանի Պուշկինի փողոցում («Մալխաս» ակումբի շենքում) և աշխատում է նույն քաղաքի Գևորգ Քոչարի փողոցում («Air Armenia»-ի հարևանությամբ): Տվյալ բնակիչը վարում է մեքենա և այս վայրերում մեքենան կայանելու իրավունք ունենալու համար վճարել է ձեզ 12.000 դրամ: Աշխատանքի գնալուց, սակայն, նա չի կարողանում կայանել կարմիր գծանշում ունեցող մասում, քանի որ այնտեղ ապօրինաբար դրված են ծանր երկաթներ՝ «Air Armenia»-ի նշանով... Տուն գալուց էլ չի կարողանում մեքենան շենքի մոտ կայանել, քանի որ այնտեղ կրկին կարմիր գծանշում ունեցող հատվածում դրված են «Մալխաս» ակումբի երկաթները, որոնք, ակումբի տիրոջ պատկերացնելով, նշանակում են, որ այդտեղ պետք է կայանեն միայն իր ակումբի հաճախորդները: Հիմա հարցս. եթե բնակիչը վճարել է այդ գումարը ձեզ, ապա արդյո՞ք դուք պատասխանատու չեք ձեր կողմից տրամադրված տեղերում կայանատեղերի հասանելիության համար... Ամեն օր շրջում եք քաղաքում բազմաթիվ մեքենաներով և հսկում, որ գումարը չվճարած անձիք չկայանեն անվճար... Բնական է, դուք տեսնում եք, որ կայանելու համար բազմաթիվ տեղերում ստեղծված են խոչընդոտներ, բայց ոչ մի բան չի փոխվում... Եթե համարում եք, որ դա նորմալ է, ապա արդյո՞ք դա չի նշանակում, որ ես կարող եմ վճարել 12.000 դրամ, պատվիրել մի քանի հազար երկաթյա ձողեր, վրան գրել տալ «Վզգո» ու ողջ քաղաքում շարել դրանք ի նշան նրան, որ միայն ես կարող եմ այդտեղ կանգնել: Եթե դրա պատասխանատուն Ոստիկանությունն է, ապա դուք պարտավոր եք դիմել իրենց, որպեսզի արդարացնեք ձեզ վճարված 12.000 դրամը, իսկ եթե դուք եք դրա պատասխանատուն, ապա խնդրում եմ՝ հենց հիմա սկսեք շարժել ձեր 5-րդ կետն ու նենց արեք, որ էդ վճարված գումարի դիմաց մարդիկ ոչ թե քֆուր տան, այլ ինչ-որ բան ստանան: Կանխավ շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել