Tert.am-ը գրում է.

Նոր Սահմանադրության նախագծում պահպանվել են կրոնի մասին դրույթները, սակայն ավելացել է ևս մեկը, որը պարտավորեցնում է պետությանը վերահսկողություն իրականացնել կրոնական կառույցների նկատմամբ։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։

«Ավելացվել է մի կետ՝ «Մտքի, խղճի ու կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետության անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով։ Այս դրույթով պետք է կարգավորվի հոգեորսության հետ կապված խնդիրները»,- ասաց նա։

Ալեքսանդր Ամարյանն ընդգծեց, որ հարկավոր է փոխել և խստացնել «Խղճի ու կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքը, որը ներկայումս միայն կարգավորում է կրոնական կառույցների գրանցման գործընթացը։

«Պետք է օրենքը սկզբից մինչև վերջ փոխել, որովհետև եթե ես հիմա ուզեմ կարող եմ մի 200 հետևորդ գտնել, մի հատ հին Աստվածաշունչ գտնել՝ կապ չունի կլինի սատանայի ուսմունքը, թե վհուկների, ու գրանցվել։ Պե՞տք է այստեղ լինի վերահսկողություն։ Բայց վատն այն է, որ մենք չունենք աղանդագետներ, կրոնագետներ շատ ունենք, բայց պետք է մասնագիտացված աղանդագետներ ունենանք, որ կկարողանան վերահսկել դաշտը և օրենքի խախտման դեպքում դիմեն դատարան»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը։

Նա ընդգծեց, որ աղանդագետների բացակայության պայմաններում է, որ Հայաստանում աղանդավորներն ազատ են գործում, որովհետև հիմնականում պետությունը որևէ կերպ չի միջամտում իրենց գործերին, քանի որ դիմում եմ ՄԻԵԴ և հաղթում գործը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել