Tert.am-ը գրում է.

Մինչև 2025 Հայաստանում բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական: Այս մասին մեդիա կենտրոնում հրավիրված քննարկման ընթացքում հայտարարեց կրթության և գիտության նախարարության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը:

«Ներառականության գաղափարախոսությունն այն մասին է, որ յուրաքանչյուր երեխա, անկախ նրանից զարգացման խնդիրներ ունի թե ոչ, պետք է իրեն հարմարավետ և կարևորված զգա ուսումնական միջավայրում, և դպրոցը պետք է կարողանա յուրաքանչյուր երեխայի կարիքների մասին հոգ տանի»,-ասաց մասնագետը։

Նա միաժամանակ նշեց, որ հաճախ կատարվող շեշտադրումները, թե հաշմանդամություն կամ կրթության առանձնահատկություն ունեցող երեխաների համար է ներառական կրթությունը, նորից առանձնացնում է այդ երեխաներին:

Մասնագետի խոսքով՝ ներառական կրթությունը մի փոքր այլ ձև տվեց հանրակրթական կրթությանը: Համաձայն օրենքի բնորոշման՝ ներառումը յուրաքանչյուր երեխայի, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ներգրավվածությունն է ուսումնական պրոցեսին:

«Մենք պետք է կանգ առնենք հենց այդ գաղափարախոսության վրա, ոչ թե հաշմանդամություն ունեցող երեխաների տեսանկյունից դիտարկենք օրենքի փոփոխությունը»,- նկատեց Անահիտ Մուրադյանը:

Քննարկմանը ներկա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի փոխտնօրեն Լարիսա Մովսեսյանն էլ նշեց, որ անհրաժեշտ է նախևառաջ ստեղծել մինի ներառական հասարակություն հենց դպրոցում:

Քննարկմանը skype-ով միացած Մարտունիի թիվ 2 հիմնական դպրոցի սոցիալական մանկավարժ Աստղիկ Գալստյանն էլ ասաց, թե իրենց շատ են խանգարում կարծրատիպերը. ծնողները, երբեմն, ամաչում են իրենց հաշմանդամություն ունեցող երեխաներին դուրս բերել փողոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել