Картинки по запросу դրամ փոխարժեքՀամաշխարհային տնտեսության զարգացումներից անմասն չի կարող մնալ Հայաստանի տնտեսությունը: Սակայն ներկայիս իրավիճակում հայկական տնտեսությունը բավականին շահեկան վիճակում է, և եթե ՀՀ կենտրոնական բանկը լիարժեք իրականացնի իր գործառույթները, ապա որոշակի քայլերով կարող է հայկական տնտեսությանը զերծ պահել ցնցումներից: 
Նախ փորձենք հասկանալ, թե որո՞նք են մեր տնտեսության առավելություններն ու թերությունները ստեղծված իրավիճակում:
Որքան էլ տարօրինակ հնչի, ստեղծված իրավիճակում հայկական տնտեսությունը շահեկան վիճակում է հայտնվել այն պարզ պատճառով, որ մեր երկրում գործող ընկերություններն իրենց ակցիաները բորսաներում չեն շրջանառում, կամ եթե այդպիսիք կան, ապա դրանց տեսակարար կշիռն էական ազդեցություն չի կարող թողնել երկրի տնտեսության վրա: Ուստի, բորսայական ակցիաների և գործարքների վայրիվերումները հայկական տնտեսությանը չեն առնչվում:
Որպես առավելություն, և կրկին՝ որքան էլ տարօրինակ հնչի, կարելի է դիտարկել նաև այն, որ մեր երկրի տնտեսությունը մենաշնորհային է և բավականին թույլ զարգացած: Ուստի, ներքին շուկայում գործող սուբյեկտները, մասնավորապես՝ արտադրողները, շուկայի կառուցվածքի փոփոխության կամ վերադասավորումների ժամանակ մեծ կորուստներ չեն կրում: Այս առումով այլ իրավիճակ է արտահանող ընկերությունների համար:
Որպես առավելություն, և կրկին՝ որքան էլ տարօրինակ հնչի, դա ժողովրդի կենսամակարդակն է և գնողունակությունը: Որքան էլ տնտեսությունում վայրիվերումներ լինեն, միևնույն է՝ բնակչության մեծ մասն օրվա հացի խնդիր է լուծում: Այսինքն, մեծ հաշվով խնայողություններ որպես այդպիսին երկրում չկան, իսկ դասական տնտեսագիտության մեջ խնայողությունների ծավալները կարող են էական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության զարգացման վրա:
Առավելությունների շարքում կարելի է դասել նաև այն հանգամանքը, որ մեր երկրում նավթամթերքի սպառման ծավալներն էականորեն զիջում են գազի սպառման ծավալներին: Եվ ինչպես հայտնի է, սպասվելիք համաշխարհային տնտեսության ճգնաժամը կարծես թե սկսում է նավթի գների անկումից, որին դեռ անդրադարձ կարվի:
Ամփոփելով առավելությունները՝ կարելի է եզրակացնել, որ մեր տնտեսության կառուցվածքը և ծավալները հնարավորություն չունեն արագ արձագանքելու համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող իրադարձություններին:
Լիարժեք չէին լինի դիտարկումները, եթե մեր տնտեսության թերությունների մասին պահպանվեր լռություն: Ամենակարևոր և անվիճելի արգումենտ է համարվում ռուսական տնտեսությունից ուղղակի կախվածությունը՝ իր բոլոր դրական (որոշակի վերապահումով հանդերձ) և բացասական դրսևորումներով: Եվ միայն այս հանգամանքը կարելի է համարել բավարար, որպեսզի մյուս թերությունները մղվեն 2-րդ պլան:
Համաշխարհային տնտեսությունը 2015 թվականի օգոստոսի 24-ն արդեն ընդունել է որպես «սև երկուշաբթի»: Սակայն հայկական տնտեսության համար դեռևս վաղ է նման որակում տալ: Ամեն ինչ կախված է առաջիկա շաբաթվա զարգացումներից: Եթե համաշխարհային տնտեսության մակարդակով որոշակի կտրուկ քայլեր չձեռնարկվեն, ապա սեպտեմբերի 1-ին տասնօրյակում նաև մեզ է սպասվում «սև օր» փոխարժեքի շուկայում: Հաշվարկները ցույց են տալիս, որ դրամ-դոլար փոխարժեքն այս անկումների արդյունքում արդեն իսկ պետք է լիներ 620-630 դրամի միջակայքում: Եթե ՀՀ կենտրոնական բանկը կարողանա դիմակայել այս փորձությանը, և հայկական տնտեսությունը շրջանցի «սև օրը», ապա վերոնշված ռուսական տնտեսությունից ուղղակի կախվածության արգումենտը կարելի է համարել հերքված: Եվ այս պարագայում կարևոր է, որ տարբեր տարադրամների փոխարժեքների հիմքում դոլարը միջնորդավորված չլինի: Ավելի պարզ լինելու համար այն դիտարկենք օրինակով: Ենթադրենք՝ 1 դոլարը հավասար է 480 դրամ, իսկ միջազգային շուկայում 1 դոլարը հավասար է 1.15 եվրոյի: Հետևաբար, Հայաստանում եվրոն հավասար է 552 դրամ (480x1.15): Կրկին անդրադառնանք դասական տնտեսագիտությանը, համաձայն որի՝ փոխարժեքը դրամական միջոցների գնողունակության հարաբերակցությունն է: Այստեղից կարելի է եզրակացնել, որ եթե Միացյալ Նահանգների ֆեդերալ պահուստային ֆոնդը դոլարը չի արժևորում, ապա կարծես թե դրամն արժեզրկվելու պատճառ չունի, քանի որ ՀՀ կենտրոնական բանկը կոչված է ապահովելու գների կայունույունը: Սակայն, իրականում «սև օրը» հայկական տնտեսությանը կարող է այցի գալ ռուսական ուրվականի տեսքով:
Մի փոքր անդրադարձ նավթի գներին: Կարծես թե ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ Միացյալ Նահանգները տարաբնույթ պատրվակներով տարբեր երկրներում սկսեց գունավոր հեղափոխություններ: Իհարկե, զարմանալի «զուգադիպությամբ» դրանց մեծ մասը նավթարդյունահանող երկրներ էին: Անիմաստ է կատարել անդրադարձ բոլորին հայտնի փաստերին, սակայն այստեղից է սկսվել աշխարհում նավթի գների աճի դինամիկան, որը կարծես թե տեղավորվում էր տնտեսագիտության դասական «առաջարկի և պահանջարկի» բանաձևում, սակայն ոչ մի կերպ չէր տեղավորվում «ապրանքի գին և ապրանքի արժեք» բանաձում: Այսինքն՝ նավթի գինն առաջարկի և պահանջարկի արդյունքում «առաջ էր ընկել» նավթի արժեքից (ինքնարժեք+շահույթ) և չհիմնավորված գերարժևորվել էր շուկայում:
Սակայն այստեղ կա մի հետաքրքիր նրբություն՝ Ռուսաստանի պատժամիջոցների ֆոնին համաշխարհային տնտեսությունը նավթի շուկա կրկին թույլատրեց մուտ գործել Իրանին: Եվ քանի որ Ռուսաստանի տնտեսությունն ուղղակի կախված է նավթարդյունաբերությունից, ապա նավթի առաջարկի մեծացմամբ նվազեցին գները, որը նաև հակադարձ ազդեցություն ունեցավ համաշխարհային տնտեսությունում այնպիսի խաղացողների վրա, որոնց տնտեսությունները մեծապես կախված են նավթարդյունաբերությունից:
Եվ վերջապես, բոլորին հետաքրքրող հարցի պատասխանը: Ինչո՞ւ Հայաստանում բենզինի գինը չի իջնում: Նախ՝ բորսաներում նավթի գնի անկումը կոնկրետ այսօրվա վաճառքի ծավալներին չեն վերաբերում: Դրանց հետևանքները հնարավոր կլինի զգալ 2 ամիս հետո: Ավելի պարզ լինելու համար՝ այդ գինը նավթի համար վճարելու են 2 ամիս հետո: Հայտնի է, որ Հայաստանի նավթի շուկան փոքր է (սպառման ծավալների իմաստով) և մենաշնորհային: Էժան բենզին ներկրելու համար պետք մեծ ծավալներով կատարել գնումներ: Արդյունքում սա բերում է բենզինի գնի համեմատաբար կայունացման:
Բայց կա նաև մեկ այլ հաշվարկ: ՀՀ կենտրոնական բանկին դեռևս հաջողվում է զսպել փոխարժեքի կուրսը, որը կարծես թե արհեստական է: Եվ ինչպես վերևում դիտարկվեց՝ հաշվարկները ցույց են տալիս, որ դոլարը պետք է լիներ արդեն 620-630 դրամի միջակայքում: Հիմա հաշվարկենք՝ բենզինն էժանացել է, թե՝ ոչ: Այսպես, 1 դոլարը հավասար է 480 դրամի պայմաններում 1 լիտր բենզինն արժե 0.895 դոլար, իսկ 1 դոլարը հավասար է 625 դրամի պայմաններում 1 լիտր բենզինն արժե 0.688 դոլար:
Կարծես թե շրջանը փակվեց՝ ինչո՞ւ բենզինի գինը չի իջնում, ինչո՞ւ է այսօրվա փոխարժեքն արհեստական, և ինչո՞ւ սպասել «սև օրվան»:
Այնպես որ, խուճափի չենք մատնվում, բայց սպասում ենք «սև օրվան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել