Չնայած խստաբարո տատս շատ էր սիրում «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը, բայց հեռավոր 1985-ին դասարանով Մինսկի պիոներական ճամբար մեկնելուցս առաջ շատ լուրջ տոնով զգուշացրեց` «տես, էնտեղ մի էնպիսի ղալաթ չանես, որ գանք Իվանից հարս ուզելու»։ Տատս հավանաբար կատակում էր, բայց  նա նույն խոսքերը կասեր, եթե ես 30 տարեկանում մեկնեի, ասենք, Սամարա։ Կարծես ունեմ բացատրությունը, թե ինչու են հայերը դարերով խուսափել խառն ամուսնություններից։ Դրանում, անկասկած, որոշիչ են եղել պետականություն չունենալու հանգամանքն ու աշխարհագրական դիրքը։

Բայց պատմությունն այս ոչ թե քաղաքականության ու ազգագրության, այլ մեր բազմահարկ շենքի կոլորիտով բնակիչներից մեկի՝ իմ մանկության ընկեր Արմենակի սիրո մասին է։

Արմենակը որևէ բանով չէր տարբերվում բակի մյուս երեխաներից։ Բոլորիս նման ֆուտբոլ էր խաղում քրքրված գնդակով, սովորելու տասը տարիների ընթացքում երեք դպրոց փոխեց, իսկ ծխել սկսեց դեռևս 5-րդ դասարանից։ Կարճ ասած՝ միջին վիճակագրական սովորական սովետական մի  պատանի էր։ Արմենակի տարօրինակությունները սկսվեցին ի հայտ գալ դեմքի վրա առաջին ցանցառ աղվամազերը հայտնվելուն զուգահեռ։  Հենց այդ ժամանակ էր, որ մեր ընկերը հրապուրվեց այդ տարիների փոփ աստղ Թոմաս Անդերսով և միայն իրեն հատուկ անտաղանդությամբ սկսեց  նմանակել վերջինիս շարժուձևը։ Բանը հասավ նրան, որ իր՝ ամիսը մեկ լվացվող գլխի մազածածկույթը Արմենակը նմանեցրեց սիրելի երգչի սանրվածքին։ Ինչևէ։

Ասում են, թե առաջին սերը միշտ մնում է անմոռաց։ Սուտ է երևի։ Այլապես մինչ օրս Արմենակը պիտի սիրեր Նինա անունով այն աղջկան, ով մի չարաբաստիկ օր հեռավոր Մոսկվայից հյուրընկալվեց իր սիրելի տատ ու պապին, ովքեր մեր շենքի առաջին հարկի պատկառելի բնակիչներն էին։ Չնայած Նինայի տատն ու պապն ազգությամբ հայ էին, պապն անգամ հայտնի բժիշկ-պրոֆեսոր, աղջկա հայրն ուկրաինացի էր։ Աղջիկը ժառանգել էր հոր կանաչ աչքերն ու մոր հայկական քիթը։ Եթե ասեմ, որ Նինան գեղեցիկ էր, մեղք գործած կլինեմ բոլոր կանանց հանդեպ։ Նինան աննկարագրելի տգեղ էր։ Բայց Արմենակի աչքում նրա տգեղությունը կոմպենսացնում էր մի շատ կարևոր հանգամանք՝ Նինան Մոսկվայից էր եկել։ Արմենակը սիրահարվեց անմիջապես։ Մեծամիտ աղջկա ուշադրությունը գրավելու համար Արմենակը մեկ նրանց տան դռան բռնակի վրա ծաղիկներ էր դնում ու փախչում, մեկ գնադակով կոտրում էր պրոֆեսոր պապի պատուհանի ապակիները, մեկ զանգահարում էր տուն ու ժամերով լռում։ Բայց անգութ աղջիկն արհամարհում էր։ Անկեղծ ասած՝ Նինան բոլորիս էր արհամարհում, բայց, Արմենակի զգացմունքներից քաջատեղյակ, ստոր արարածը մեր ընկերոջ նկատմամբ առանձնակի դաժան էր։ Միայն 40 տարեկանում Արմենակի խոստովանությունը մեզ ստիպեց հասկանալ, թե ինչու մի օր, ողջ աշխարհի համար անսպասելի, Արմենակը խուզեց իր՝ տարիներով խնամված մազերը։ Անգութ Նինայի  «а ты готов ради любви расстаться со своей бесподобной шевелюрой» արտահայտությունից հետո Արմենակը Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ գտնվող վարսավիրանոցում, արցունքն աչքերին, հրաժարվել էր թե՛ մազերից, թե՛ իր սիրելի Թոմասից։ Նինան, պապի տան պատուհանից տեսնելով Արմենակի խուզած գլուխը, ընդամենը ժպտացել էր։ Ամառն ավարտվեց, Նինան վերադարձավ ծնողների մոտ։ Արմենակի աչքերը դարձան տխուր, իսկ երբեմն նաև արցունքոտ։

Հաջորդ ամռանը Նինան Երևան չեկավ։ Այդ տարի Նինայի ծնողները պապ ու տատի մոտ  ուղարկեցին իրենց մյուս դստերը՝ Կարինային։ Ի տարբերություն Նինայի՝ Կարինան բավական բարետես էր, անգամ հաճելի։ Եվ երբ սեռահասունության ճանապարհը բռնած բակի պատանիները դեռևս չէին հասցրել մի կարգին քննարկել Կարինայի գալուստն ու նրա բարեմասնությունները՝ Արմենակը մեզ հավաքեց բակի կոտրված տաղավարում և պաշտոնապես հայտարարեց, որ սիրում է աղջկան։ Պապանձվել էին բոլորը։ Արմենակը գտել էր իր կարծիքով ամենահանճարեղ բացատրությունը՝ «չնայած ես Կարինային նախկինում երբեք չեմ տեսել, բայց ենթագիտակցորեն միշտ սիրել եմ նրան»։ Ենթագիտակցորեն բառը չգիտեմ՝ ով էր ներարկել Արմենակի գլուխը, բայց նա մեր ընկերն էր, ու նրա որոշումն էլ  մեզ համար հարգանքի էր արժանի։ Ամենից շատ Արմենակն ափսոսում էր, որ Կարինան հնարավորություն չէր ունենալու գնահատել իր թոմասանդերսյան վաղամեռիկ սանրվածքը։ Ուստի Արմենակը պիտի գտներ Կարինայի սիրտը գրավելու այլ ճանապարհ։ 

Ավաղ Ճակատագիրն Արմենակի ճակատին այլ բան էր գրել։ Չնայած Կարինան քրոջից ավելի գեղեցիկ էր, բայց նույն զզվելի մեծամիտն էր ու անհոգին։ Արմենակն այս անգամ էլ աղջկա սիրտը գրավելու ավելի լավ տարբերակ չգտավ, քան նորից տան դռան բռնակի վրա ծաղիկներ դնելն ու փախչելը, գնդակով պրոֆեսոր պապի բնակարանի պատուհանի ապակիները կոտրելը, զանգահարելն ու ժամերով լռելը։ Պատասխանը նույնն էր՝ արհամարհանքը։

Ամառն անցավ։ Թռչունները չվեցին տաք երկրներ։ Կարինան թողեց Արմենակին իր տառապանքների հետ ու մեկնեց իր ցուրտ, բայց սիրելի Մոսկվան։

Արմենակի աչքերում տխրությունը կրկնապատկվեց, արցունքոտվելը դարձավ հաճախակի։

Հաջորդ ամռանը չեկան ո՛չ Նինան, ո՛չ Կարինան։ Երրորդ քույր նրանք չունեին, և Արմենակին մնում էր սիրահարվել երևանցի որևէ աղջկա։ Սիրահարվել ուղղակի անհրաժեշտ էր, քանզի նա արդեն 15 տարեկան  էր ու արդեն փարթամ բեղ ու մորուսով հասուն տղամարդ։

Արմենակը, դժբախտաբար, սիրահարվեց։ Այո՛, «դժբախտաբար», որովհետև բոլորիս համար անհասկանալի, նա մի քանի օրով սիրահարվեց հարևան շենքի մոլոկան Պավլիկի ընկերուհուն՝ Օքսանային։ Չզարմանաք։ Արմենակը յուրահատուկ անձնավորություն էր։ Այնքան յուրահատուկ, որ իր  զգացմունքի մասին խոստովանությունն արեց հենց Պավլիկի ներկայությամբ։ Որքան էլ Արմենակը դժբախտ էր սիրո հարցում, այնուամենայնիվ, նա բախտավոր աստղի տակ ծնված անձնավորություն էր։ Ու հենց այդ բախտավոր աստղն էր նրան ուղեկից, որ այդ չարաբաստիկ խոստովանությունը մեր միամիտ ընկերն արեց մեր ներկայությամբ։ Անասելի ջանքեր պահանջվեցին նրան Պավլիկի ճանկերից փրկելու համար։ Սակայն այս ամբողջ պատմության մեջ Արմենակի ինքնաբուխ խոստովանությունից առավել խորհրդավոր էին Օքսանայի ժպիտն ու աչքերի միջի կայծը։ Եվ այդ ժպիտն ու կայծը նկատում էին բոլորը, երբ աղջիկը գալիս էր իր փեսացուին հյուր ու հեռվից տեսնում էր բակի քարուքանդ տաղավարին թառած Արմենակին։

Տարին անխնա անցնում էր, Արմենակն էլ՝ աչքներիս առաջ ծերանում։ Սիրահարվելու մի վերջին փորձը դպրոցի ավարտական դասարանում էր։ Ու չնայած Արմենակի համադասարանցի Օլյան  ինչ-որ մի դեսպանատան աշխատակցի դուստր էր, չնայած նրան դպրոց էր տանում հոր անձնական վարորդը, չնայած աղջիկն աչքով աչք չուներ Արմենակին, բայց բոլորիս համար անհասկանալի  ու ինչ-որ գերբնական ուժի ազդեցությամբ մեր ընկերոջը հաջողվեց համոզել նրան ընդունել Ծիծեռնակաբերդի հարակից պուրակում զբոսնելու իր անմեղ առաջարկը։ Մի հարցրեք՝ ինչ տեղի ունեցավ հետո։ Դիվանագիտական սկանդալը հաջողվեց հարթել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններից մեկի անմիջական ջանքերի շնորհիվ։ Թե ինչու էր Արմենակը որոշել դեսպանի աղջիկ Օլյային ցույց տալ հայրենի բնության չնաշխարհիկությունն ու նրան շեղել դեպի Ծիծեռնակաբերդի այն տարիների դեռևս խիտ անտառները,  անգամ հիմա հրապարակման ենթակա չէ։

Եկավ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու ժամանակը։ Արմենակը ծառայեց սահմանապահ զորքերում, ու ըստ չար լեզուների՝ հասցրեց անպատասխան սիրել սլավոնական արմատներով իր գրեթե բոլոր հրամանատարների աղջիկներին, անշուշտ նաև կանանց։

Զորացրվելուց հետո շատերի նման Արմենակն էլ բռնեց արտագաղթի ճամփան։

Տարիներն անցնում էին։ Արմենակից լուր չկար։ Չարտագաղթածներս էլ ժամանակի պահանջով վաճառեցինք մեր հարազատ շենքի բնակարաններն ու ծվարեցինք քաղաքի տարբեր ծայրամասերում։ Մեր հին ու բարի շենք մեզ կանչում էր հնաբնակ հարևաններից մեկի մահվան բոթն  ու հոգեհանգստի արարողությանը մասնակցելու պարտքը։ Եվ տարիներ անց արդեն հասուն տղամարդ դարձածներս մանկության մեր անդարդ ու երջանիկ օրերը հիշելու առիթ չէինք ունենա, եթե մի պայծառ ու արևոտ օր Արմենակը չվերադառնար։ Ինչպես հին ու բարի ժամանակներում, բոլորս հավաքվեցինք մեր հին բակում։ Բակում ամեն ինչ նույնն էր՝ կոտրված տաղավարը, գարշահոտ աղբատարը, ժանգոտած ավտոտնակները։ Պատուհաններից զարմացած նայող բազմաթիվ անծանոթ  բնակիչներն էին  ՆՈՐ։ Արմենակը ժամանակից շուտ ծերացել էր, ատամնաթափ եղել։ Դարձել էր բնականից անմազ։ Միայն նույն տխուր ու արցունքաշատ աչքերն էին պահպանվել։ Բայց Արմենակն արդեն մենակ չէր։ Եկել էր սիրելի կնոջ՝ Նատաշայի ու վաղամեռիկ հոր անունը կրող միակ արու զավակի՝ ՀԱՅԿԻ հետ։ Այդ օրը մեր հին շենքի նոր հարևանները չքնեցին։ Երևի մեզանից յուրաքանչյուրն իրավունք ունի քսան տարին մեկ անգամ հարամ անելու իր մանկության բնակավայրի նոր ու անծանոթ բնակիչների հանգիստն ու անդորրը։ Եվ 40-ամյա մեր Արմենակի հետ, արցունքն աչքներիս,  ողջ գիշեր հիշում էինք մեր արկածների, առաջին սիրո, կոտրած ապակիների և այս մեղսավոր կյանքին հրաժեշտ տված մեր հարևանների մասին։ Իսկ գիշերվա ամենամեծ բացահայտումն Արմենակի՝ սլավոնական արմատներով կանանց նկատմամբ ունեցած անսահման սիրո գաղտնիքի քողազերծումն էր։ Չէ՞ որ Արմենակը ծնվել ու մանկապարտեզ հաճախել էր հենց Մոսկվայում, որտեղ 80-ականների մոսկովյան օլիպիադայի համար կառուցվող մարզահամալիրների շինարարության վրա աշխատել էր նրա հայրը։ Եվ չնայած մեր Արմենակն իր  ընտանեկան երջանկությունը գտել էր բելառուս Նատաշայի գրկում, բայց իր միակ զավակին ՀԱՅԿ էր կոչել։ Հիմա էլ նույն այդ շենքում խաղաղ ապրում են մեր Արմենակը, նրան այդքան շատ սիրող իր բելառուս կինն ու ՀԱՅԿ որդին։ Ինչո՞ւ պատմեցի այս ուրախ ու տխուր պատմությունը։ Էհ, դատեք ինքներդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել