Բազմիցս խոսվել է այն մասին, որ քաղաքացիական շարժումներն ու նախաձեռնությունները քաղաքական կուսակցություններից էապես տարբերվում են:

Վերջին շրջանում քաղաքացիական նախաձեռնություններում որոշակիորեն աչքի ընկած մի քանի ակտիվիստներ, պարբերաբար հայտնվելով կրիմինալ լրահոսում, ստվերում են ակտիվիստների ինստիտուտը:

Օրերս «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը հայտնել էր, որ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահները ծեծի են ենթարկել իրեն և կնոջը:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, և այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ նշվում է. «Քննությամբ պարզվել է, որ օգոստոսի 14-ին` երեկոյան ժամերին, կենցաղային հարցերի հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Գաջեգործներ փողոցի 22/4 տան բնակչուհի Ջուլիետա Վիրաբյանի (Վ. Մարտիրոսյանի մայրը) և Կարինե Գասպարյանի (Վ. Մարտիրոսյանի կինը) միջև, որի ժամանակ Կ. Գասպարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել սկեսուրի՝ Ջ. Վիրաբյանի հասցեին, որից հետո քաշքշել և հարվածել է նրան: Նշված հանգամանքին ականատես եղած Վ. Մարտիրոսյանը զայրացել և գոռգոռացել է կնոջ վրա, որը լսելի է եղել նաև հարևան տների բնակիչների համար:

Բացի սա, Մարտիրոսյանի մայրը՝ Ջ. Վիրաբյանը, իր ցուցմունքում նշել է, որ վիճաբանությունը եղել է իր և հարս Կ. Գասպարյանի միջև, իսկ որդու հայտարարություններն այն մասին, թե իբրև վիճաբանության և նրան ծեծի ենթարկելու պատճառը եղել է քաղաքական կամ հասարակական գործունեության հետ կապված, որակել է «աբսուրդ», որդու «երևակայության արդյունք»:

Այսինքն՝ մենք գործ ունենք հերթական կլոունադայի հետ: Հայրենասիրության ու արդարության քարոզչի դիմակի տակ թաքնված է հերթական դասական խեղկատակը: 
Թե ինչու էին որոշել, որ կենցաղային վեճը պետք է բարդել պաշտոնյաների վրա, դժվարանում եմ պատասխանել:
Նմանատիպ միմոսության օրինակները թերևս վերջին շրջանում բազմաթիվ են: Ինչպես հիշում ենք, ընդամենը մեկ շաբաթ առաջ էլ քաղաքացիական ակտիվիստներից մեկը գլխավորում էր քրեական լրահոսը: Վերջինս կողոպտել էր մի պարսիկի:

Մեկը շարքային խուլիգան է, մյուսը՝ փորձառու «դանոսչիկ» և այլն: Այս շարքում թերևս կարելի է նշել նաև «Ո՛չ թալանին» նախաձեռնության նախկին անդամ Վաղինակ Շուշանյանի անունը: Վերջինս էլ աչքի է ընկնում իր փողոցային բառապաշարով, ով հրապարակային անձնական վիրավորանքներ է հասցնում այս կամ այն պաշտոնյային:

Եվ այս ամենը տեսնելուց հետո հարց է առաջանում՝ արդյո՞ք այս մարդիկ են ժողովրդի անունից խոսացողները: Իրական պայքարող երիտասարդները պետք է ջնջեն նման մարդկանց իրենց շարքերից, որպեսզի չպղծվեն «պայքար» և «քաղակտիվիստ» տերմինները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել