Երախտագիտության օրը ԱՄՆ-ի ազգային տոներից է: Այն հայտնի է որպես առավել ժողովրդականություն վայելող տոներից մեկը:  

Երախտագիտության օրն առաջին անգամ նշվել է 1621 թվականին: Այն Ամերիկա են բերել անգլիացիները, որոնք այստեղ էին տեղափոխվել 1620 թվականի վերջերին` «Մայիսյան ծաղիկ» նավով երկամսյա նավավարությունից հետո: Եվ հենց այդ ժամանակներից տոնի հիմնական էությունը «երախտագիտությունն է Աստծուն»: Իսկ ահա եղանակի ընտրությունը` աշնան վերջ, կապվում էր առատ բերքի ու բարեբերության հետ: Եվ ահա ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի հրահանգով 1789 թվականին Երախտագիտության օրը հռչակվեց ազգային տոն: 

Իսկ ինչպե՞ս են նշում այս տոնը ամերիկացիները. առաջինն ու ամենակարևորը` այս օրը ընտանիքի բոլոր անդամները պարտադիր այցելում են եկեղեցի, իսկ երեկոյան բոլորով հավաքվում են տոնական ընթրիքի սեղանի շուրջ: Ամերիկացիները փորձում են սննդով օգնել իրենց աղքատ ազգակիցներին: Նույնիսկ մետրոյի կայարանների շրջակայքում դրվում են հատուկ սեղաններ, որոնց վրա յուրաքանչյուրը ցանկության դեպքում կարող է նվիրաբերել այն, ինչ ցանկանում է, այդ թվում` մրգեր: Հետաքրքիր է նաև մամուլի ու լրատվամիջոցների ակտիվությունը: Թերթերում այդ օրը հաճախ կարելի է կարդալ այսպիսի հայտարարություններ.«Ձեր նվիրաբերած $1.90-ով Դուք կարող եք կերակրել անտունին կամ աղքատ հայրենակիցներին: Նվիրաբերելով $19` Դուք կօգնեք կերակրել 10 աղքատների»: 

Երախտագիտության օրվա երկրորդ պարտադիր ու առանձնահատուկ խորհրդանիշը ընթրիքի սեղանին հնդկահավի առկայությունն է: Համաձայն պատմության` այս օրվա առաջին տոնակատարության ժամանակ հնդկահավ են կարմրեցրել ու կերել, ինչն էլ վերածվել է ավանդույթի, և հնդկահավը դարձել է Երախտագիտության տոնի բաղկացուցիչ մասը: 
Երրորդ կարևորագույն ու տոնի անբաժան մասնիկը շքերթներն ու տոնակատարություններն են, որոնց ժամանակ մասնակիցները հիմնականում կրում են 17-րդ դարին բնորոշ հագուստներ: 

Տոնը նշվում է նաև Կանադայում: Այստեղ այդ օրը պատրաստում են խնձորի կարկանդակ և պելմենի հնդկահավի լցոնով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել