Տարեսկզբին թե միջազգային ֆինանսական կազմակերպությունների և թե Կենտրոնական բանկի սպասումները Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ վատատեսական էին: Պատահական չէր, որ առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի հաշվետվությունում ԿԲ-ն կանխատեսում էր հազիվ 0,4-2 տոկոս աճ։ Այժմ արդեն ԿԲ-ն Հայաստանի տնտեսական աճի հավանականությունը հասցրել է ընդհուպ մինչև 3,6 տոկոսի։

Այսպիսի գնահատականի համար հիմք են հանդիսացել տնտեսության մեջ արձանագրված փաստացի ցուցանիշները։

Երկրորդ եռամսյակի ծրագրում ԿԲ-ի ակնկալիքներն ավելացան՝ հասնելով 1,6-2,6 տոկոսի։ Արձանագրված ցուցանիշները հիմք տվեցին Կենտրոնական դրամատանն արդեն երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում ընթացիկ տարվա համար կանխատեսել 2,8-3,6 տոկոս տնտեսական աճ։ Այլ կերպ ասած, ԿԲ-ն աճի պոտենցիալն ավելացել է 1 տոկոսով։ 
Սպասումների փոփոխությունը ԿԲ-ն պայմանավորել է մի շարք գործոններով:

Մասնավորապես՝ փոփոխության վրա ազդեցություն է ունեցել դրամավարկային պայմանների թուլացումը, կառավարության կողմից իրականացվող խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում արձանագրված դրական զարգացումները։ 
Կտրուկ վերանայվել են սպասումները հատկապես գյուղոլորտում։ Եթե նախորդ կանխատեսման մեջ տնտեսության այս ճյուղի աճի հավանականությունը գնահատվում էր 6,5-6,7 տոկոս, ապա այժմ ԿԲ-ն հավատում է, որ այն կլինի 10,5-11,5 տոկոս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել