Ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներն իրենց հետքն են թողնում թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրների տնտեսությունների վրա: Կանխատեսվում է, որ համաշխարհային տնտեսական աճի դանդաղ տեմպերը կշարունակվեն:

Նավթի գնի անկման և տնտեսական պատժամիջոցների առկայության պայմաններում կանխատեսվում է, որ Ռուսաստանում կդիտվի տնտեսական անկում՝ 3.2 տոկոսի չափով, որը կշարունակվի մինչև 2016թ-ի վերջը: Նավթի գնի անկումը և Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցները մեծ հարված են հասցրել Ռուսաստանի տնտեսությանը, ինչի արդյունքում ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել, իսկ ԱՄՆ դոլարն ավելի ու ավելի ամրապնդել դիրքերը ռուբլու նկատմամբ:

Միևնույն ժամանակ համաշխարհային տնտեսության զարգացման ընթացքի վերաբերյալ անորոշությունները և ռիսկերն ավելի նշանակալի են դարձել: Մի կողմից, դրանք պայմանավորված են ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների բարձրացման սպասումների հետևանքով զարգացող երկրներից կապիտալի արտահոսքով դեպի ԱՄՆ, ինչը կդանդաղեցնի զարգացող երկրների տնտեսական աճի տեմպերը և կմեծացնի արժույթների տատանողականությունը: Մյուս կողմից, աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսությունն ունեցող երկրում՝ Չինաստանում, վերջին տարիներին դիտարկվել է արագ տնտեսական աճի կտրուկ դանդաղում՝ ի տարբերություն երեք տասնամյակ տևած երկնիշ տնտեսական աճին:

Ըստ Չինաստանի ազգային վիճակագրական գործակալության՝ տնտեսական իրավիճակը դեռևս շարունակում է բարդ մնալ, և համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնման ֆոնին Չինաստանի տնտեսության կայունացման հիմնական բաղադրիչներն ամրապնդման կարիք ունեն: Չինաստանի տնտեսական աճի դանդաղումը ռիսկեր է առաջացնում համաշխարհային տնտեսության աճի լրացուցիչ դանդաղեցման և պարենային ու հումքային ապրանքների միջազգային գների անկման տեսանկյունից:
Այս պայմաններում Իրանի մուտքը նավթային շուկա նույնպես ռիսկեր է առաջացնում՝ նավթի գինը կարող է կտրուկ անկում ապրել և միջնաժամկետ հեռանկարում ցածր մակարդակում մնալ:

Համաշխարհային տնտեսության՝ նման դանդաղ աճի ու տնտեսական ռիսկայնության պարագայում ՀՀ տնտեսական աճի տեմպերը, հատկապես 2015թ-ի առաջին կիսամյակում, սպասվածից բարձր են եղել՝ կազմելով 4.2 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության և մասամբ արդյունաբերության ճյուղերի դրական զարգացումով:
Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական գործընկեր երկրների ու համաշխարհային տնտեսության դանդաղ զարգացումը՝ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսման համաձայն՝ սպասվում է, որ 2016թ-ին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կպահպանվեն նույն մակարդակում, որից հետո աստիճանաբար կարագանան՝ հասնելով հավասարակշիռ մակարդակի:

Այս ամենով հանդերձ՝ չպետք է բացառել նաև տնտեսական և աշխարհաքաղաքական անկանխատեսելի զարգացումները, ինչու չէ նաև բնակլիմայական գործոնով պայմանավորված փոփոխությունները, որոնք կարող են փոփոխել ինչպես գործընկեր երկրների, այնպես էլ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել