Այս տարին բարենպաստ էր բերքի առումով: Գյուղմթերքների առատ բերքի շնորհիվ ավելացել է դրանց արտադրությունը, մեծացել են վերամշակման ծավալները: Արդյունաբերության ոլորտը նույնպես բարելավվել է Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում:
Այս ամենը թույլ է տալիս ԿԲ-ին փոփոխել ակնկալիքներն արդյունաբերության ոլորտում։ Կանխատեսվում է, որ աճը կլինի 4-4,5 տոկոս։ Նախորդ կանխատեսման մեջ ամրագրվել էր 1,5-2,5 տոկոս։

Կախատեսումները հուսադրող են նաև մնացած ոլորտներում: Չնայած նրան, որ տարեսկզբին ԿԲ-ն կանխատեսում էր 0.6-2% տնտեսական աճ, տարեվերջից հինգ ամիս առաջ Հայաստանի տնտեսության ակտիվությունը կազմել է 4,2 տոկոս, ինչ ստիպում է կենտրոնական բանկին փոփոխել կանխատեսումները: Այսպիսով, ԿԲ-ն արդեն Հայաստանի տնտեսական աճի հավանականությունը հասցրել է ընդհուպ մինչեւ 3,6 տոկոսի։

Սպասումների փոփոխությունը ԿԲ-ն պայմանավորել է մի շարք գործոններով, մասնավորապես դրամավարկային պայմանների թուլացմամբ, կառավարության կողմից իրականացվող խթանող հարկաբյուջետային քաղաքականությամբ, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում արձանագրված դրական զարգացումներով։

Կտրուկ վերանայվել են սպասումները հատկապես գյուղոլորտում։ Եթե նախորդ կանխատեսման մեջ տնտեսության այս ճյուղի աճի հավանականությունը գնահատվում էր 6,5-6,7 տոկոս, ապա այժմ ԿԲ-ն հավատում է, որ այն կլինի 10,5-11,5 տոկոս։

Շինարարության ճյուղում ևս, այնուամենայնիվ, աճ կգրանցվի։ Այն գնահատվում է 1-1,5 տոկոս։ Սա այն դեպքում, երբ տարեսկզբին կանխատեսվում է ճյուղի անկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել