Երևանում էքստրասենս է դաժանորեն սպանվել, բազմապրոֆիլ «կախարդ», որ բավականին հայտնի էր «Վեցերորդ զգայարան» շոու-կախարդության եթերից:
Հռոմեական իմաստությունն ասում է՝ «Մեռածից հետո կամ լավը, կամ ոչինչ», և ոչինչ չունեմ ասելու սպանվածի անձի հետ կապված. թող Տերն իր բազում ողորմությամբ ների նրա մեղքերը՝ լինեն կամա, թե ակամա...
Բայց... ասեք ինձ խնդրեմ, էքստրասենսամոլ, բախտամոլ մարդիկ, մեկը, որ շատերի ներկան ու ապագան էր տեսնում, լավն ու վատն էր գուշակում, խորհուրդներ էր տալիս, մի՞թե չկարողացավ գոնե 1 ժամ առաջ «տեսնել» ու իմանալ, որ իրեն պիտի խոշտանգեն ու սպանեն: Իհարկե ոչ... Եվ գիտե՞ք ինչու: Որովհետև «խիրոմանտը» (և բոլոր գուշակները, առհասարակ) իր իսկ լարած թակարդի մեջ է ընկնում... Մի առակ հիշեցի.

Պալատական գուշակը գիշերով աստղերին նայելով քայլում և փոսն է ընկնում: Սկսում է օգնության կանչել: Ձայնը լսում և օգնության է հասնում մի հովիվ ու գուշակին դուրս է բերում փոսից:

- Շնորհակալ եմ, - ասում է, մոգը, - երախտագիտությունս հայտնելու համար, ես հիմա քո առջև կբացահայտեմ քո ապագան...
- Աստված սիրես,- պատասխանում է հովիվը,- դու ոտքիդ տակի փոսը չտեսար, ապագաս ինչպե՞ս պիտի տեսնես:

Այսքանին դեռ հավելեմ, որ սպանվածի 7 տարվա կողակիցն էլ էր հեռուստահաղորդման «հզորներից»՝ իրեն սև մոգ հորջորջելով...

Հիմա ասածս ինչ է... ինչ որ պետք է, ժամանակին բավական մանրամասն ասել եմ այստեղ, միայն կուզեի հավելել, որ երբ Փրկչին՝ Քրիստոսին, մեղադրեցին իր հրաշքները սատանայի իշխանությամբ անելու մեջ, Նրա պատասխանը շատ հստակ էր՝ «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն քաղաք կամ տուն կանգուն չի մնայ. եւ եթէ սատանան սատանային հանում է, ուրեմն՝ ինքն իր մէջ բաժանուեց. արդ, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ։ Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերին, ձեր որդիները ինչո՞վ կը հանեն. դրա համար էլ նրանք կը լինեն ձեր դատաւորները։ Իսկ եթէ Աստծու Հոգով եմ հանում դեւերին, ուրեմն Աստծու արքայութիւնը հասել է ձեր վրայ» (Մատթ. 12:21-24):

Սատանայի հետ չեն կատակում... Հիմա թող զգուշանան... թող զգուշանան բոլորը, ովքեր «6-րդ զգայարանի» և առհասարակ գուշակությունների մոլության մեջ են, ովքեր «պոռնկանում են» չարի ուժերի հետ: Ձեզ համար է Աստված ասել.

«Վհուկներին ու ոգեհմաներին հետևելով՝ նրանց հետ պոռնկացող մարդկանց պիտի հետապնդեմ ու վերացնեմ նրանց իրենց ժողովրդի միջից։ Սրբագործվեցե՛ք ու սո՛ւրբ եղեք, քանզի ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ (Ղևտ. 20:6-7):
 

Հավատացեք, վերջին ընդգծումը ամենաճիշտ ընտրությունը կլինի ձեզ համար: Աստված ողորմի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել