ԷՍ ԽՈՒԺՈՒԴՈՒԺ ԺԱՄԻՆ

Ժամը խուժուդուժ է: Խառն է ժամը: Զանգվածի նպատակները մանր են, անորոշ են, խեղճ են: Բռնապետութան քաղտեխնոլոգները գերազանցում են հայ զանգվածին ու նրա խելոքներին: Սա հաղթանակի տեխնոլոգիա չունի: Սրան ծամոն են տալիս՝ տարբեր անվանումներով՝ «յոթ դրամ», «օրինազանց ոստիկան», «ապտակ բիձուն», «սթափվելու ժամն է», «Սերժի՛կ, հեռացի՛ր»: Ինչի՞ հեռանա – եթե մենք իրեն չենք գերազանցել: Հերիք է էս անտերությունը:

Էդ մթնած դեմքով, տխուր մարդուն հերիք է ցեխը կոխեք ու հանեք: Ինքը դա է տեսել, դա է սովորել՝ գիտի երկիր կառավարելը այդպես է լինում: Համ էլ նրան ձեր գրագետներն են բերել, ոտքերը պաչել, ձեր գլխին դրել: Թե ազգ եք, մարդ եք, նախանձով լցված հայկական խուրջին չեք՝ գտեք ձեր մեջ մի մարդու, որ գերազանցում է էդ մարդուն՝ սեր ու գիտելիք ունի - և ասեք նրան. արի՛ մեզ կառավարչություն արա: Գտնե՛ք էլ՝ չեք ասի – հայի ողբալի լեզուն չի պտտվում՝ մեկի մասին մի լավ բան ասի, խրախուսի, թիկունք կանգնի:

Եթե Աստված կամենա՝ վաղվանից կբացեմ «Ապագայի դպրոցը»: Եթե ներքին թույլտվություն առնեմ: Անկեղծ լինեմ՝ էդ դպրոցը վաղուց կա: Մեկ-մեկ պետք է բացել հայի թարախակույտերը: Վրան բալզամ դնել: Գիտությամբ ապաքինել: Որքան հայկական և ոչ հայկական կեղծիք կա մեր մեջ – պսակազերծել: Էս մեր ջահելների համար դա անել: Սերժ Թանկյանի համերգին ու Բաղրամյանին – երիտասարդական պայթյունից բացի՝ ապագայի առասպել է պետք: Իրականանալի առասպել: Գիտական առասպել: Վերգիտական առասպել:

Առասպելներից զրկված ժողովուրդ, էդ առասպելը պատմել եմ քեզ – քնած ես եղել: Էլի կպատմեմ: Մնացյալը քո գործն է:

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ

22 օգոստոսի 2015
Հայք Պետություն

Հ.Գ. Վերականգնում եմ «Հայք Պետություն»-ը ստորագրությանս տակ, քանզի այդ Զուգահեռ Հայրենիքում են ծնվում այս գրությունները: Տեսության և մանրակերտերի ոլորտում Հայք Պետության հիմնարկեքը հայտարարել ենք - 6 հունվարի 2014թ.:
Լ.Դ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել