Ես ու Սոֆին որոշեցինք միասին քնել: Մենք հաճախ էինք միասին քնում, երբ մենակ ենք մնում: Շատախոսում ենք սկզբում ու հետո չենք էլ իմանում, թե երբ ենք քուն մտնում: Սոֆին բավականին հոգնած էր ու անմիջապես քնեց:
Իսկ ես երկար ժամանակ խորհում էի Արսենի պատմության մասին: Չէ՜, ես սիրահարված չէի: Իմ ուշքն ու միտքը զբաղված էին Ալեքսի մասին մտքերով: Չնայած մեր անհասկանալի հարաբերությունները ինձ հունից հանում էին: Նա անտեսանելի ուժով կառավարում էր ինձ: Նա չի զանգում, չի գրում, լռում է… Ինչո՞ւ ես լռում, Ալեքս, վախկո՞տ ես:
Իսկ Արսե՞նը: Այո, նա գեղեցիկ տղամարդ էր, բայց իմը չէր ու չէր էլ կարող լինել:
Շրջվեցի պատուհանի կողմն ու տեսա, որ դրսում լիալուսին է: Լուսնի արծաթագույն շողը ներս էր ընկել պատուհանից: Ես բարձրացրի ձեռքս ու սկսեցի խաղալ շողի հետ: Մի պահ ինձ թվաց, թե այն սառն է: Ես շոյում էի լուսինը, լուսինը շոյում էր ինձ: Չգիտեմ էլ, թե ինչպես կոպերս փակվեցին…
Ես քայլում էի մի սաղարթախիտ անտառով: Գիշեր էր, լուսինը մեղմ լուսավորում էր շուրջբոլորը: Ես մենակ էի, բայց բոլորովին վախ չէի զգում ու գնում էի առաջ՝ ինքս էլ չիմանալով, թե ուր: Հանկարծ հենց ականջիս տակ տաք շունչ զգացի: Կամաց շրջվեցի: Կարմիր աչքերով մի հսկա սպիտակ գայլ մոտեցել էր ինձ ու կանգնել էր կողքիս: Անհասկանալի մի զգացում պատեց սիրտս: Ո՛չ , դա վախ չէր, այլ հիացմունք: Կամ վախ ու հիացմունք միախառնված:
Գայլը նստեց ուղիղ ոտքերիս տակ` հասկացնելով, որ շոյեմ գլուխը: Ես մատներս կամաց սահեցրի նրա թավշյա մորթու մեջ ու սկսեցի շոյել: Գայլը փակեց իր կարմիր, խոշոր աչքերը: Այդ ժամանակ հանկարծ հեռվից ոռնոցներ լսվեցին: Գայլն անմիջապես լարված ոտքի կանգնեց: Նա բռնելով զգեստիցս՝ նստեցրեց իր մեջքին, ու մենք սլացանք առաջ: Ես հետ նայեցի ու տեսա մի գորշ գայլ, որը կատաղի արագությամբ մեր կողմն է գալիս: Սպիտակ գայլը արագ էր վազում, բայց գորշ գայլն էլ պակաս արագավազ չէր: Արդեն քիչ էր մնում, որ նա մեզ հասնի: Գորշ գայլը մեծ ոստյունով թռավ մեզ վրա, ես նույնիսկ զգացի նրա մորթու կոշտությունը: Ես ճչացի…
Ամբողջովին քրթնած արթնացա: Լուսադեմ էր, Սոֆին դեռ քնած էր: Տարօրինակ երազի իմաստը չհասկանալով` գնացի լոգարան: Միացրեցի տաք ցնցուղն ու մտա ջրի ուժեղ հոսանքի տակ: Մի կողմից ուզում էի ազատվել երազից, մյուս կողմից` ինձ տարօրինակ կերպով դուր էր եկել վտանգին այդքան մոտ լինելու միտքը:
Հենց սրբիչով փաթաթված դուրս եկա լոգարանից, դուռը համառորեն մեկը թակում էր: Մոտեցա դռանն ու հարցրի՝ ով է:
- Սաշա, բա՜ց արա, Արսենն է:
- Ես... Ես չեմ կարող, Սոֆին քնած է, իսկ ես… ի՞նչ է պատահել:
- Բան ունեմ ասելու, շա՛տ կարևոր:
- Հետո կխոսենք:
- Խնդրում եմ, բաց արա,- աղերսական տոնով ասաց նա:
Խղճի խայթ զգալով՝ դուռը կիսաբաց արեցի ու շշուկով, որպեսզի չարթնացնեմ Սոֆիին, ասացի.
- Ի՞նչ ես ուզում, խե՞նթ ես, ինչ է:
- Սաշա, ես գիտեմ, Սոֆին քեզ իմ մասին պատմել է, բայց խնդրում եմ, մի հավատա նրան: Այո, ես ամուսնացած եղել եմ, բայց հիմա բաժանվել եմ: Դու ինձ շատ ես դուր եկել: Գոնե մի փոքր հնարավորություն տուր: Գոնե հեռախոսիդ համարը տուր, շփվիր հետս, կճանաչես ինձ: Ես վստահ եմ որ քո դուրը կգամ:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել