Արևմտյան Հայաստանի հայերի հետ կապված աղմուկը, որ վերջին օրերին բարձրացավ հայկական դաշտում և ավելի շատ մեզ վնասեց, քան օգնեց (իրականում ոչնչով չօգնեց), ունի մեկ մեղավոր. համահայկական խաղերը և դրա կազմակերպիչները: Չէր կարելի բերել մեծ թվով արևմտահայերի, ցուցադրաբար նրանց հետ խաղադաշտ մտցնել քուրդ քաղաքապետերի, որոնք մի քանի օր անց պետք է նաև անջատողական հայտարարություն անեին Թուրքիայում: Սա մեր անհեռատես քաղաքական էմոցիայի արտահայտություն էր:

Օրինակ՝ Սփյուռքի նախարարությունը ճիշտ է վարվում՝ «Արի տուն» ծրագրով առանց ավելորդ «շուխուռի» աշխատելով հայերի ազգային ինքնագիտակցության պահպանման ուղղությամբ, իսկ ի՞նչ արեց համահայկական խաղերի իշխանությունը՝ տարիների աշխատանքը մի քանի օրում ջուրը գցեց իր փառամոլության պատճառով:

Թուրքիան աշխարհի տարբեր երկրներում իր սեփական դպրոցներն է բացում, մարդկանց թուրքերեն է սովորեցնում, քարոզչություն անում, բայց ոչ ոք այդ մասին չի խոսում, իսկ մերոնք 1 անգամ գնում են Արևմտյան Հայաստան, դարձնում են համահայկական խոսելու թեմա ու երևակայում, որ արդեն ազատագրված է այդ տարածքը, էնտեղի մուսուլման հայերը հերթ են կանգնել մկրտվելու համար, իրենք էլ պետք է սրբացվեն «մեր կորուսյալ եղբայրներին դարձի բերելու համար»:

Իսկ իրականում ինչի՞ պետք է գլուխ ջարդել էդ մարդկանց քրիստոնյա դարձնելու համար, կամ ո՞վ է ասել, որ 5 րոպեում մարդը կարող է մուսուլմանից քրիստոնյա դառնալ, եթե չգիտի նույնիսկ տերունական աղթոքը: Արդյունքում մեր ԶԼՄ-ները չոփը գերան են սարքում ինչպես միշտ, Արևմտյան Հայաստանի հայերն այստեղից հեռանում են հիմնականում հիասթափված ու նեղացած, մեր երկիրն էլ Թուրքիային նվեր է տալիս քաղաքական շատ մեծ դիվիդենտ:

Հիմա պետք է տևական լռություն պահել, փորձել, այսպես ասենք, հաշտվել Արևմտյան Հայաստանի մեր հայրենակիցների հետ, Թուրքիայի իշխանությանը հասկացնել, որ մենք այդ երկիրը քանդելու միտք չունենք, քրդերի հետ էլ լեզու գտնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել