Ավետիսյանների գործով դատի նախաշեմին, միևնույն է, բազմաթիվ մութ անկյուններ են մնում այս պատմության մեջ, որոնք միայն ավելի են շատանում՝ հաշվի առնելով, թե որքան են սիրում լրատվամիջոցները խոսեցնել Ավետիսյանների հարազատներին, ովքեր իրենց հերթին ասում են ճիշտ այն ամենը, ինչ բխում է նրանց ունեցած տեղեկատվության ու երևակայության միաձուլումից։

Օրինակ, նոր կարդացի, որ ինչ-որ վարորդ է եղել տաքսու, ով խոստովանել է, որ Պերմյակովին երկու անգամ բերել է այդ հասցեով։ Սա միանգամայն ուշագրավ է։ Բացի դրանից, ասում են, որ Ավետիսյանները դարպասը միշտ փակել են գիշերները։ Սա էլ կարևոր տեղեկություն է, որը հերթական անգամ փաստում է, որ Պերմյակովն ամենևին պատահականության արդյունքում չէր հայտնվել հենց Ավետիսյանների մոտ։ Հետո արդեն հարազատները սկսում են մարդ ա իրենց երևակայությանն ու սնահավատությանը զոռ տալ ու դրանց արգասիքները ներկայացնել՝ որպես ակնհայտ փաստ. ասում են, որ ակնհայտ ա, որ Պերմյակովը միայնակ չի գործել։

Ախր, կներեք էլի, բայց հարազատներն ի՞նչ գիտեն՝ մենակ ա եղել, թե՝ չէ։ Թողեք՝ թող մասնագետներն աշխատեն։ Հարևաններն էլ հոր արև երդվում էին, որ ոչ մի կրակոց չեն լսել, ու արդյունքում լիքը «վերլուծաբաններ» հայտնվեցին, որ հետևություն արեցին, որ Պերմյակովը խլացուցիչով ինքնաձիգ է ունեցել, հետևաբար նա պարզապես չէր կարող ինչ-որ մութ ուժերի պատվերով չգործել։ Ու, չգիտես ինչու, մեծամասնությունը չէր էլ ուզում մեկ այլ վարկած ասել, որն առավել պարզ է, ավելի հավանական ու ամոթալի. պարզապես հարևաններն էին փոքրոգիություն արել ու չէին զանգահարել ոստիկանություն՝ լսելով կրակոցները, որովհետև մտածել էին, որ ինչ-որ գողական ռազբորկաներ են կրկին, իսկ առավոտյան գուժն իմանալով՝ ամոթու գյորա սկսել էին ստել։

Թողեք, թող նախաքննությունն ավարտվի, ու կարծում եմ, որ դատի ժամանակ կստանանք մեզ հուզող շատ հարցերի պատասխաններ։ Ի վերջո, չեմ կարծում, որ Հայաստանում կամ էլ Ռուսաստանում ցանկանում են Պերմյակովին ազատ արձակել ու ինչ-որ ծածկադմփոց անել։ Բարեկամներին էլ կարեկցելով ու ցավակցելով հանդերձ՝ պետք է հորդորել, որ շերլոկհոլմսություն չանեն ու սպասեն դատին, որովհետև ամեն նման հայտարարությունից հետո անառողջ աժիոտաժ է սկսվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել