Image result for հայ վրացականԳաղտնիք չէ, որ վերջին տարիներին Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները բավական մեծ առաջընթաց են գրանցել: Թվում էր, թե Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին կարող է հանգեցնել երկու երկրների միջև առկա հարաբերությունների կոլապսի, սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը՝ եղավ հակառակը:

Նախորդ տարվա տվյալներով՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը, արտահանումը և ներմուծումն ավելացել է: Հաշվի առնելով վերջին երկու տարիների ընթացքում եղած տնտեսական ցնցումները, դրամի արժեզրկումը և, արտաքին գործոններով պայմանավորված, արտահանման ծավալների կրճատումը որոշակի ժամանակահատվածում՝ կարելի է վստահորեն ասել, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա է հարաբերությունների զարգացման դրական միտում:

Տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար շեշտը կարելի է դնել գյուղատնտեսության վրա, որը գերակա ճյուղ է համարվում ՀՀ-ում:

Այս օրերին Վրաստանում տեղի է ունեցել երկու երկրների գյուղնախարարների առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Շեշտը, բնականաբար, դրվել է ապրանքաշրջանառության ծավալների մեծացման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ` ընդգծելով առկա ներուժի առավելագույնս արդյունավետ իրացման կարևորությունը:

Քննարկվել է նաև ձկնաբուծության ոլորտում համագործակցության ընդլայնումը: Մասնավորապես, այս ոլորտում երկու կողմերն ունեն առաջին հաջող ծրագիր: Խոսքը «Իխտիոսի» ձկնաբուծարանի մասին է, որը ստեղծվել է հայ և վրացի գործարարների համատեղ ներդրումներով:

Համատեղ ձեռնարկությունների բացումը կարող է ոչ միայն զարգացնել գյուղատնտեսական ոլորտը, այլ նաև լուծել լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել