Արդեն տարուց ավելի է, ինչ մեր արտաքին քաղաքական վեկտորի քննարկումների ժամանակ պարբերաբար ջրի երես է դուրս գալիս Ադրբեջանին զենք մատակարարելու հիմնախնդիրը։ Արևմտամետներն արդեն դրոշակ են սարքել դա ու մի ամբողջ թեզ ձևավորել, թե, տեսեք-տեսեք, «մեզ ռազմավարական դաշնակից չհանդիսացող ԱՄՆ-ը հրաժարվում է զենք վաճառել Ադրբեջանին, իսկ մեր ռազմավարական դաշնակից ռուսներն անում են դա»։

Էմոցիոնալ տեսակետից սա, ինչ խոսք, արդյունավետ փաստարկ է, բայց դա զուտ էմոցիոնալ է։ Նախ, ինչ-որ գնահատական տալու համար պետք է հասկանալ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի մոտիվները, աշխարհաքաղաքական իրականությունն ու մեր դերակատարությունը դրա որոշ կետերում։

ԱՄՆ

Իմ խորին համոզմամբ՝ միակ պատճառը, հանուն որի ԱՄՆ-ը զենք չի վաճառում Ադրբեջանին, այն է, որ առայժմ ԱՄՆ-ի շահերից ամենևին չի բխում պատերազմի վերսկսման բարձրացող հավանականություն։ Պետք չէ մոռանալ, որ միայն բացառիկ դեպքերում է, որ ԱՄՆ-ը աշխարհի այս կամ այն տարածաշրջանում իր քաղաքական կուրսը չի հարմարեցնում տարբեր վերազգային կորպորացիաների շահերին։ Ադրբեջանի նավթաարդյունաբերությունից եկող եկամուտների առյուծի բաժինը կենտրոնացած է հենց այդպիսի վերազգային ընկերությունների ձեռքում. BPTOTAL Oil & Gas և բազմաթիվ այլ ընկերություններ ու ընկերությունների դուստր ձեռնարկություններ։ Առայժմ ԱՄՆ-ի քաղաքական մոտիվները դեռ չեն գերակայել տնտեսական շահերին, բայց եթե այդ պահը գա, մի վայրկյան չկասկածեք, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին զենք էլ կվաճառի, պետք եղավ՝ անվճար էլ կտա ու թքած կունենա թե՛ Հայաստանի, թե՛ հայերին սպառնացող վտանգների վրա։ Դա ակնառու երևաց Սիրիայում, երբ ի հեճուկս տեղի քրիստոնյաներին ու այդ թվում նաև հայկական համայնքին սպառնացող իրական վտանգի՝ ԱՄՆ-ը ստեղծեց ու սնուցեց նույն ԻԼԻՊ-ը։ Այնպես որ, մոռացեք ԱՄՆ-ի արդար ու ազնիվ մղումների մասին։

Ռուսաստան

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այստեղ ես երկու հավանական տարբերակ եմ տեսնում։ Հիշենք, որ զենք-զինամթերք վաճառելու պայմանագիրը կնքվեց Ադրբեջանի հետ այն ժամանակամիջոցում, երբ Հայաստանը տվայտվում էր ԵՄ-ի հետ ասոցացման ու Մաքսային միության միջև։ Չի բացառվում, որ սա դեմարշ էր Ռուսաստանի կողմից, որպեսզի ցույց տար Հայաստանի իշխանություններին, թե ինչ հետևանքներով է հղի Ռուսաստանի հետ խաղեր տալը։ 
Մյուս կողմից, ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչ խայտառակ կոռումպացվածություն է տիրում Ռուսաստանի պետական համակարգում, և չեմ բացառում, որ կլորիկ ատկատների ու արդյունավետ լոբբինգի շնորհիվ Ադրբեջանը կարողացավ հասնել այս պայմանագրի կնքմանը։ Չի բացառվում նաև, որ այս երկու տարբերակները միաժամանակ են տեղ գտել։

Այնպես որ, սիրելիներս, մի՛ մոռացեք, որ քաղաքականությունը բարդ բան է, իսկ աշխարհաքաղաքականությունն՝ առավել ևս։ Այստեղ չկան «սիրում է-չի սիրում», «արդար-անարդար» ու այլ սենտիմենտալ կատեգորիաներ։ Կան շահեր, կան կարճաժամկետ ու երկարաժամկետ խնդիրներ, ու կա անսահման ցինիզմ, իսկ մնացածն արդեն երկրորդական է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել